Ադրբեջանը Արցախ այցելած թուրք մտավորականների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
Արցախ այցելած թուրքական պատվիրակության անդամների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ են հարուցել, տեղեկացնում է haqqin.az-ը։
Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ուֆուք Արասի, Ալի Բայրամօղլուի, Սաիդ Չեքինօղլուի և Էրոլ Քաթրչօղլուի նկատմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը «ապօրինի հատելու մեղադրանքով»։
Որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանց նկատմամբ ադրբեջանական իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել և համապատասխան դիմում ուղարկել նաև Թուրքիային։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել էր Թուրքիայից ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած մտավորականներին։