211652_close_icon
views-count4192 դիտում article-date 15:22 22-09-2017

Հռոմում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 20-ին ՀՀ Անկախության օրվա, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցական ծիսակատարություն՝ Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Արարողությունից առաջ ներկաներին ողջույնի խոսք է ուղղել Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի ռեկտոր գերապայծառ Նարեկ Նամոյանը: Պատարագին հնչեցրած իր քարոզում Կարդինալ Սանդրին, խոսելով հայ-վատիկանյան հարաբերությունների մասին, նշել է, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը ճանապարհ է, որը բաղկացած է բազմաթիվ լուսավոր կետերից, որոնց թվում են Հայաստանի երեք նախագահների այցելությունները Սուրբ Աթոռ, Հովհաննես Պողոս 2-րդի և Ֆրանցիսկոս 1-ինի այցելությունները Հայաստան, Սուրբ Աթոռի և Հայ առաքելական եկեղեցու միջև ջերմ և կառուցողական շփումները: Կարդինալ Սանդրին հավելել է, որ յուրաքանչյուր կատարված քայլ առավել խորը հարգանքի և բարեկամության կապեր հաստատելու հնարավորություն է ստեղծել, որոնք ավելի գեղեցիկ և հարուստ են դարձրել դիվանագիտական հարաբերությունները: Պատարագից հետո ելույթ է ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, ով իր խոսքում նշել է, որ հայ-վատիկանյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն և զարգացել են բովանդակալից երկխոսության ու փոխադարձ խորին հարգանքի հիման վրա: Դարերով ամրացած միջեկեղեցական, միջմշակութային և միջանձնյա փոխըմբռնման հարաբերությունները հանգեցրել են միջպետական շփման այն բարձր մակարդակին, որը արձանագրվել է այս քառորդդարյա ժամանակաշրջանում: Դեսպանը երախտագիտություն է հայտնել կարդինալ Սանդրիին հայ-վատիկանյան միջպետական, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար՝ հավելելով, որ խորհրդանշական է հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի նշումը Քահանայապետական հայ վարժարանում, քանի որ այս հաստատությունը հարյուրամյակներ շարունակ ամուր կամուրջ է եղել հայ-վատիկանյան կապերում: Պատարագին հետևել է ընդունելություն, որին ներկա էին Սուրբ Աթոռի պետքարտուղարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր