211652_close_icon
views-count9081 դիտում article-date 14:58 06-10-2017

Բեռլինում ՀՀ անկախության 26-ամյակին և հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել

Հոկտեմբերի 5-ին Բեռլինում` Բրանդենբուրգ երկրամասի ներկայացուցչությունում, Բրանդերնբուրգի վարչապետ Դիթմար Վոյդկեի և ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հրավերով տեղի ունեցավ հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Միխայել Ռոթը, Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարթ Բուլմանը, Բրանդենբուրգի պետքարտուղար Թոմաս Կռալինսկին, պատգամավորներ, դաշնային և երկրամասերի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԳԴՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, լրագրողներ, մտավորականներ, մշակութային գործիչներ և այլք: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձավ ՀՀ անկախության տարիների ձեռքբերումներին, ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Դեսպան Սմբատյանը ներկայացրեց նաև Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման նշանակությանը՝ ընդգծելով, որ այդպիսով կայուն հիմքեր դրվեցին երկկողմ փոխգործակցության հետևողական զարգացման և ընդլայնման համար: Դեսպան Սմբատյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-գերմանական փոխգործակցությունը բավական լուրջ ճանապարհ է անցել` միաժամանակ նշելով, որ դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ: Դեսպանն ընդգծեց, որ Գերմանիայի հետ համապարփակ համագործակցության հետևողական զարգացումը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է: Խոսելով երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների մասին՝ Աշոտ Սմբատյանը նշեց, որ Գերմանիան Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից է, իսկ ԵՄ երկրների շարքում` առաջինը: Իր խոսքում պետնախարար Միխայել Ռոթը նշեց, որ Գերմանիան Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին աջակցող ամենաակտիվ դոնոր երկրներից է: Պետնախարարը գոհունակությամբ նկատեց, որ նախորդ 25 տարիների ընթացքում ակտիվ զարգացում է արձանագրվել մշակութային, գիտակրթական, միջխորհրդարանական, ռազմաքաղաքական, առևտրատնտեսական, ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում: Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը, ակորդեոնիստ Էնրիկե Ուգարտեն, դուդուկահարներ Զյորեն Բիրկեն և Գրեգոր Շուլենբերգը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր