211652_close_icon
views-count7479 դիտում article-date 21:17 03-05-2017

Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Վիեննայում

Ապրիլի 28-ին Վիեննայի ՛՛Porgy&Bess՛՛ ջազ ակումբում Ավստրիայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով կազմակերպել էր «Հայկական ոգի» խորագրով ջազ երեկո, որին հայկական դասական, ժողովրդական և հոգևոր երաժշտության ինքնատիպ կատարումները ներկայացրեց Կարեն Ասատրյանի ջազ համույթը: Երեկոյին ներկա էին Ավստրիայի կառավարական գործակալությունների, դաշնային և քաղաքային իշխանությունների, Ավստրիայի կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային ու հասարակական գործիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ: Երեկոն ողջույնի խոսքով բացեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ դիվանագիտական հարաբերությունները հաստատելուց ի վեր երկու երկրների միջև ստեղծված բարեկամական հարաբերություններին և համագործակցության բազմամյա պատմութայանը, որին համահունչ է այս տարվա ընթացքում երկու երկրներում տեղի ունեցող բազմատեսակ միջոցառումների անցակցումը: Շնորհակալություն հայտնելով հայ և օտարերկրյա երաժիշտներին ու հանդիսատեսին միջոցառմանը մասնակցելու համար՝ դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց «Հայկական ոգի» նախագիծը, համույթի գեղարվեստական ղեկավար, ճանաչված ջազմեն և կոմպոզիտոր Կարեն Ասատրյանին, մյուս երաժիշտներին, ընգծելով, որ նրանք Հայաստանի և հայ ժողովրդի լավագույն պատվիրակներն են տարբեր երկրներում և յուրահատուկ մշակութային կամուրջ են հանդսիանում տարբեր հասարակությունների միջև: Ավստրիահայ Կարեն Ասատրյանի, իրաքահայ երգչուհի Ռիտա Մովսիսյանի, ուրուգվայահայ բուզուկահար Խուան-Կառլոս Սունգուրլյանի և միջազգային այդ համույթի մյուս անդամների ներկայացմամբ հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, ժամանակակից հայ կոմպոզիտորների մեղեդիների ջազային մշակումները՝ համեմված Ասատրյանի վիրտուոզ դաշնամուրային կատարմամբ և Ռիտա Մովսիսյանի անզուգական ձայնով: Համերգից առաջ ակումբի նախասրահում բացվել էր հայ արվեստագետ Հրաչյա Վարդանյանի արվեստի գործերի՝ վիշապագորգերի ցուցահանդեսը, որին մասնակցեցին ավստրիացի արվեստագետներ, քննադատներ և լրագրողներ: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հունիս ամիսը, որից հետո տեղափոխվելու է ավստրիական մեկ այլ՝ Շայբս քաղաք, որտեղ Հրաչյա Վարդանյանը գտնվում է Ավստրիայի մշակույթի նախարարության ՛՛Artists in Residence՛՛ ծրագրի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր