ԱԷՄԳ-ի ղեկավարն ու ՀՀ էներգետիկայի նախարարն անդրադարձել են ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու ծրագրին
Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ։ Քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28746450.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Մանուկյանը Ամանոյին է ներկայացրել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրի ընթացքը։ Կարևորվել է ԱԷՄԳ-ի դերը ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման գործում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու ծրագրին և այդ գործընթացին ԱԷՄԳ-ի աջակցության տրամադրման հնարավորություններին։