Սևանա լճից բաց թողնվող ջրի հաշվին շահույթը կկենտրոնացվի հատուկ գանձապետական հաշվի վրա
Կառավարության նիստում այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն մ³ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացող լրացուցիչ շահույթի հաշվարկման և վճարման կարգը սահմանելու և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին նախագիծը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը զեկուցեց նաև 170 մլն մ³ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացող լրացուցիչ շահույթը գանձելու կարգի մասին:
«Կարգը նախատեսում է այդ հասույթի հաշվարկման բանաձևը և ծախսելու մեխանիզմները: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կբացի հատուկ գանձապետական հաշիվ, որի վրա կկենտրոնացվի այդ ձեռնարկությունում ձևավորվող ամբողջ հասույթը, հանած շահութահարկը»,- ասաց նախարարը:
Մանուկյանը հայտնեց, որ այնուհետև երկամսյա ժամկետում նախարարությունը կմշակի օրենքից բխող ծրագիր և կներկայացնի կառավարության հաստատմանը, իսկ գումարները կբաշխվեն օրենքով սահմանված նպատակներից ելնելով: