17827 դիտում
14:22 16-08-2017
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր Տեխաս նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Սակայն նրանք չէին գիտակցում, որ Տեխասի ճանաչումը կործանարար ազդեցություն է ունեցել այդ նահանգում թուրքական համայնքի լոբբիստական ջանքերի վրա, տեղեկացնում է[url=https://armenpress.am/arm/news/901960/turq-gortsichy-khostovanum-e-or-irenc-hamar-tsanr-harvats.html] armenpress.am[/url]-ը։ Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:
«Turkishnews.com-ում հրապարակված մի հոդվածում դոկտոր Ֆերուհ Դեմիրմենը բացահայտեց հուսահատության այն աստիճանը, որ ինքն ու իր թուրք ընկերները ունեցել են Տեխասում, երբ նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2017 թ. մայիսի 19-ին: Շատ հաճախ չենք հանդիպում թուրք լոբբիստի, որն ընդունում է հայ համայնքի կողմից իրենց ջախջախիչ պարտությունը:
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար Դեմիրմենը սկզբում մեղադրում է իր թուրք ընկերներին՝ «թուրքական անտարբերության և պասիվության տարիների համար, համադրված հայկական ագրեսիվությամբ ու արևմտյան նախապաշարմունքներով»: Նա նաև ընդունում է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ակտիվությունը՝ «քաղաքային խորհրդարանի հանդիպումներում հայ ակտիվիստների մասնակցությամբ շրջայցեր կազմակերպելու, նահանգի ընտրված պաշտոնատար անձանց հերթով» այցելելու և «Դալասում, Օսթինում և Հյուսթոնում» Հայ Դատի հանձնախմբի մասնաճյուղեր ստեղծելու համար:
Թուրք գործիչը ցեղասպանության բանաձևի հաջողության գործում ընդունում է նաև «Նահանգի ներկայացուցիչ Սքոթ Սանֆորդի աջակցությունը, որը միաժամանակ Տեխասի բապտիստական եկեղեցու հոգևոր հովիվն է:» Իր հոդվածի համար մեծ ծավալի հետազոտություն անելով՝ Դեմիրմենը հիշեցնում է, որ «2016 թ. ապրիլին Դալասի Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հանդեսին, ներկայացուցիչ Սանֆորդը արժանացել է «Արդարության պաշտպան» մրցանակի՝ «Հայոց ցեղասպանության մասին իրազեկության բարձրացման գործում իր ունեցած մեծ նվիրումի համար»: Հանդեսի ժամանակ ընթերցվել է հանրապետական սենատոր Թեդ Կրուզի նամակը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, գրում է Դեմիրմենը:
2017 թ. հունվարի 26-ին Սանֆորդը ներկայացրել է Տեխասի Ներկայացուցիչների պալատի HR-191 բանաձևը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Բանաձևը առաջին անգամ ներկայացվել է Առևտրի և միջպետական հարցերի հանձնաժողովին (TIAC), որը կոչ է արել ապրիլի 24-ին հանրային քննարկումներ անցկացնել Օսթինում գտնվող նահանգի Կապիտոլում: Դեմիրմենը ափսոսանք է հայտնում, որ Տեխասի օրենսդիրը «հրապարակային լսումների համար ընտրեց ապրիլի 24-ը, որը խորհրդանշական օր է հայկական անհիմն պնդումների համար, [ինչն] առաջին նշանն էր, որ TIAC-ը հայամետ է իր հայացքներով»:
Դեմիրմենը դժգոհ է, որ «լսումները լավ համակարգված էին Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի և ներկայացուցիչ Սանֆորդի կողմից, և ի տարբերություն հայկական կողմի, որը վաղուց գիտեր լսումների մասին, թուրքական կողմը հանդիպման մասին տեղեկացել է ընդամենը մի քանի օր առաջ»: Դրա հետևանքով, լսումներին մասնակցել է միայն վեց թուրք (հինգը Հյուսթոնից և մեկը Դալասից), մինչդեռ «հայկական կողմից ներկա էր մի մեծ բազմություն: Որպես «դիտորդ» [TIAC-ում] ներկա էր նաև Սանֆորդը: Դեմիրմենը ափսոսանք է հայտնում, որ միայն չորս թուրք, ներառյալ ինքը, վկայություն է տվել հանձնաժողովում, մինչդեռ 21 հայ է վկայություն տվել: «Հայկական կողմը հինգ անգամ ավելի շատ հնարավորություն ուներ իր տեսակետը ներկայացնելու, քան թուրքական կողմը: Այսպիսով, հայկական կողմը լսումների ժամանակ գերակշռեց ոչ միայն «ներկայության» առումով, այլ նաև տված վկայություններով», խոստովանել է Դեմիրմենը: «Հայկական կողմից վկայություն տվողների թվում էին Տեխասի Հոլոքոստի և ցեղասպանության հանձնաժողովի և Հյուսթոնի Հոլոքոստի թանգարանի ներկայացուցիչները», տեղեկացնում է Դեմիրմենը: Բացի դրանից, «հարյուրավոր նամակներ էին ուղարկվել նահանգի օրենսդիրներին: Ավելի շատ հեռախոսազանգեր էին եղել հայկական համայնքի կողմից»:
Բանաձևի դեմ վկայություն տված թուրքերի առարկություններն էին. 1) «Տեխասի օրենսդիրների անպատշաճ միջամտությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, 2) վնասը, որ բանաձևը կարող է հասցնել Տեխասի և Թուրքիայի միջև առևտրային հարաբերություններին, 3) բանաձևի պառակտող դերը, և ոչ միայն, 4) փաստը, որ բանաձևը վիրավորական է համարվում Տեխասի թուրք բնակչության կողմից», բողոքել է Դեմիրմենը:
Այս առարկություններից և ոչ մեկը ազդեցություն չի ունեցել TIAC-ի անդամների վրա, որոնք ապրիլի 24-ին բանաձևն ընդունեցին միաձայն: Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձևը ընդունեց մայիսի 19-ին՝ հաստատելով այն կողմ քվեարկած 137 ձայնով (ութ անդամ բացակայել է, հինգը ձեռնպահ է մնացել):
Խիստ հուսահատված, Դեմիրմենը այս արդյունքը ներկայացնում է որպես «Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի կողմից գլխավորած իրագործում, աջակցությամբ Տեխասի նահանգի Ներկայացուցիչների պալատի: Թեև բանաձևը իրավական ուժ չունի, սակայն բոլոր գործնական նպատակների և լայն հասարակության համար այն հռչակագիր էր, որը օսմանյան թուրքերին մեղավոր է ճանաչում սոսկալի ոճրագործության համար»:
Դեմիրմենը խոստովանում է, որ «թուրքական արձագանքը HR-191-ին, առնվազն ստորին մակարդակում, թույլ էր... Թուրքերը չեն կարող մրցել հայերի հետ իրենց ակտիվությամբ «ցեղասպանության» հարցի շուրջ... Թուրքական կողմը միայն իրեն պետք է մեղադրի իր թուլության և անգործության համար»:
Թուրք գործիչն իր հոդվածն ավարտում է մեղադրելով ATA-Հյուսթոնին (Ամերիկայի թուրքական ասոցիացիա), որը ջանքեր չգործադրեց HR-191 բանաձևին դիմակայելու համար: Նա խումբն անվանում է «միասին ուրախ ժամեր անցկացնելու համար 1979 թվականին հիմնադրված ասոցիացիա, որը հետաքրքրված չէ հայկական հարցով...»:
Չնայած Դեմիրմենը մեղադրում է Տեխասի թուրքերին իրենց անգործության համար, սակայն իրականում միայն մեկ պատճառ կա, որ բանաձևը ընդունվեց. որովհետև այն ճշմարտությունն է ասում... Տեխասի նահանգը վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը...»,-գրում է Սասունյանը:
Նմանատիպ նյութեր
1985 դիտում
13:39 01-07-2021
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը
2247 դիտում
16:31 09-04-2016
Անհայտ անձը ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ռազմաբազայում կրակոցներ է արձակել. կա 2 զոհ
Այս բաժնից
796 դիտում
22:46 14-11-2024
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԵԱՀ ԱԳ փոխնախարարին
871 դիտում
22:03 14-11-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
802 դիտում
21:50 14-11-2024
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը