15210 դիտում
16:10 16-08-2017
Արտակարգ ու լարված իրավիճակ Արարատի մարզում. ջուր չլինելու պատճառով Նիզամի գյուղի բնակիչների դաշտերն ամբողջովին չորացել են, նրանց հույսը ՀՀ վարչապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի և բարդ իրադրության մեջ: Նրանք իրենց ամբողջ շարժական և անշարժ գույքը, ունեցվածքը, ոսկեղենը գրավ են դրել, խոշոր վարկեր վերցրել, որպեսզի այդ գումարներով հող մշակեն, եկամուտ ստանան, սակայն ոռոգման ջուր չլինելու պատճառով չորացել է ամեն ինչ:
Գյուղացիները հավատացնում են, որ իրենց դաշտերն ամբողջովին չորացել են, իսկ բերքը՝ չորությունից փչացել: Դաշտերում տղամարդիկ վախենում են նույնիսկ ծխախոտ վառել. դաշտերը չորացել են, և մեկ անզգույշ քայլը կարող է մոխրի վերածել ամբողջ ցանքատարածությունները և գյուղը:
Մասիսի տարածաշրջանի գյուղերից ոռոգման ջրի խնդիրով ամենահայտնին հենց Նիզամին է: Մեր կատարած այցելության ժամանակ նկատեցինք, որ հարևան գյուղերի դաշտերը կանաչ են, և որոշ տեղեր անգամ երկրորդ բերք են ցանել, իսկ Նիզամիում անգամ առաջին բերքից դեռ ոչինչ չեն վաճառել: Նկատեցինք նաև, որ գյուղին ջրով ապահովող ջրանցքները չոր էին, իսկ դաշտերի առուներում նույնիսկ գորտերն էին սատկել:
Ըստ գյուղացիների՝ գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում երկար տարիներ, բայց վերջում ջուր չլինելու պատճառով դատարկաձեռն են մնում հիմնականում, սակայն եթե նախորդ տարիներին կարողացել են գոնե վերցրած վարկերը փակել, ապա այս տարի անգամ դրա հույսն էլ չունեն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զույցում հուսահատված գյուղացիները ասում էին. «Պետությունը միշտ էլ ասել է, որ գյուղացու կողքին է, բայց փաստը սա է, որ գյուղացու կողքին չի: Սա ի՞նչ վիճակ է, որ գյուղացին է ապրում, դառը դատեցինք, հիմա դատարկ նստելու ենք, էլ հնարավոր չի այսպես շարունակել: Գալիս է սեզոնին ջրի, հողի հարկ են ուզում, ինչպես ենք վճարելու, չենք էլ վճարում դատի են տալիս: Ջուրը հիմա է պետք գյուղացուն, ամբողջ օրը գիշեր թե ցերեկ դաշտերում ենք լինում, որ անգամ մի ժամով տան, ջրենք, բայց ուր է: Մենք ինչքա՞ն կամ ի՞նչ հավաքենք այս չորացած ու փչացած բերքից, որ ծախսներս հանենք, բեռնատարի, ջրի, հողի գումարը տանք ու ձմեռն էլ ապրենք: Պարզ է, չէ՞, որ ծախսներս չենք հանելու, լրիվ սկած ենք, իսկ թե վարկերը որտեղից ենք փակելու, դա էլ Աստված գիտի: Նորմայով պետք է 7 օրը մեկ ջրվի եգիպտացորենը, որ բերք տա, բայց ամիսը մեկ էլ չենք կարողանում մի կաթիլ ջուր հասցնել: Եթե անգամ քիչ քանակությամբ ջուր էլ գալիս է, մարդիկ իրար հետ միչև լեզու են գտնում, շատերին այդպես էլ հերթ չի հասնում: Ի՞նչ անենք, մենք էլ թողնենք գնա՞նք…Արարատյան դաշտն է ափսոս: Մենք աշխատող մարդիկ ենք, ջուր շատ կա, թե ինչի չեն տալիս չեմ հասկանում: Կամ թող ասեն ընդհանրապես ձեռք քաշեք հողից, կամ էլ թող ջուր տան: Իրենց մի կոպեկ պարտք չենք, բոլոր հարկերը ժամանակին տվել ենք, հիմա ինչի՞ են մեզ ցավացնում: Մասիս տանող ջրագիծը մեր գյուղով է անցնում, ինչ է ջուրը այնտեղ հասնում բայց մեր գյուղ չի մտնում, կամ հարևան գյուղերին ինչ-որ չափով տրամադրվում, բայց մեզ ոչ:
Հողագործներից Սմբատը ասաց, որ այս տարի միտք չուներ կրկին հողագործությամբ զբաղվելու՝ ելնելով անցած տարիների տանջանքից ու անհաջող արդյունքներից: Սակայն իրեն համոզել են, որ ամեն բան լավ է լինելու, ջուրը տրամադրվելու է, ու հիմա ստացվում է հակառակը:
Վերջում գյուղացիները խնդրանքով դիմեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ասելով, որ իրենց միակ հույսը նա է, և խնդրում են ինչ-որ միջամտություն, որ կարողանան գոնե մի քանի անգամ ջրել բերքը, ինչ-որ չափով վերականգնել և վաճառքից ստացված գումարով վարկերի գոնե մի մասը փակել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+