Դիլիջանի և հարակից համայնքների կանանց փոխանցվում են ձեռագործության հմտություններ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացնում է «Գյուղաբնակ կանանց ձեռներեցությունը որպես համայնքի կայուն զարգացման նախադրյալ» խորագրով ծրագիրը:
Ծրագրի նպատակն է Դիլիջանի և հարակից գյուղական համայնքների կանանց ձեռներեցության միջոցով կրճատել գործազրկության մակարդակը՝ այդպիսով նպաստելով տվյալ տարածաշրջանի կայուն զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում կանանց փոխանցվում են ձեռագործության հմտություններ։
Հմուտ դասընթացավարների կողմից անցկացված տեսական և գործնական դասընթացների արդյունքում նշված համանքների շուրջ 30 կանայք արդեն տիրապետում են բատիկի և ջեջիմի (կարպետանման նեղ ու երկար բրդե գործվածք) պատրաստման հմտությանը և իրենց ձեռագործ աշխատանքները կարող են վաճառել զբոսաշրջիկներին: Ակնկալվում է, որ ծրագրի ավարտից հետո առավել հաջողակները կարող են սկսել փոքր բիզնես՝ այդպիսով գյուղաբնակ կանանց համար ստեղծելով նոր աշխատատեղեր:
Արդյունքում սեփական արտադրանքը վաճառելով՝ կվաստակեն գումար նոր նյութեր ձեռք բերելու համար՝ ապահովելով ծրագրի շարունակականությունը:
Դասընթացների ընթացքում մասնակիցներին իրենց խորհուրդներով օգնել են արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, նկարիչներ: Որպես միջոցառման ամփոփում օգոստոսի 11-ին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում նախատեսվում է անցկացնել ցուցահանդես-վաճառք: