1151 դիտում
10:53 08-10-2019
Սոցցանցերն ու կայքերը շնչում են ատելությամբ, և այդ ատելությունը փոխանցվում է երիտասարդ սերնդին․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Շաբաթ օրը «Հայելի» ակումբի մուտքի մոտ կատարվածը իշխանության կողմնակիցների մի մասը հրաժարվում է բնութագրել իբրև «հարձակում»: Ըստ նրանց, լրատվամիջոցի մուտքը պաշարելը, ձվեր շպրտելը և լրատվամիջոցի փակումը պահանջելը հարձակում չէ՝ դա հայրենասեր երիտասարդների ակցիա է: Ըստ իս, հարձակումը պարտադիր չէ, որ պետք է ենթադրի մարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելը կամ գույք փչացնելը, հարձակումը կարող է լինել նաև, ասենք, խոսքի մակարդակով: Բայց ճշգրիտ իրավական ձևակերպումները թողնենք իրավաբաններին: Թող լինի «ակցիա», բառերն այս պարագայում կարևոր չեն: Որպես լրագրողի ինձ այլ բան է հետաքրքրում:
«Հայելու» աշխատակիցները և ընդդիմադիրներից ոմանք պնդում են, որ այդ «ակցիան» կազմակերպել է իշխանությունը կամ անգամ անձամբ վարչապետը: Չեմ կարծում, որ դա այդպես է: Բայց որ նման տհաճ, տգեղ, խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված «ակցիան» այսօր հնարավոր է և չի արժանանում հասարակության մեծ մասի մերժողական վերաբերմունքին, դրանում, անշուշտ, կա առաջին հերթին ներկայիս իշխանության մեղքը: Ինչպես և ներկա ընդդիմության: Ինչպես և բոլոր նախկին իշխանությունների և բոլոր նախկին ընդդիմությունների: Մեր բոլորիս:
28 տարվա ընթացքում հասարակությունը դաստիարակվել է հենց այս՝ ագրեսիվ անհանդուրժողականության ոգով: Դեռևս 90-ականների սկզբից քաղաքական հակառակորդներին կամ պարզապես «չհավանած» անձանց հասցեին ընդունված է անվանել «թուրք», «թշնամի», «դավաճան»: Բնականաբար, ընդդիմությունը և նրա տեսակետներն արտահայտող լրատվամիջոցներն առավել հարձակողական ոճ էին ընտրում, իսկ իշխանությունը, տարեց-տարի ավելի «կերած-խմած» դառնալով, պասիվորեն դիմադրում էր քարոզչության մեջ, իսկ վարչական մակարդակով ամեն ինչ անում էր ընդդիմադիր լրատվամիջոցները լռեցնելու համար:
«Առավոտը», փորձելով չխառնվել քաղաքական այս անզիջում պայքարին և չսպասարկելով որևէ քաղաքական թիմի շահերը, մշտապես պաշտպանում էր ընդդիմադիր լրատվամիջոցներին նման ոտնձգություններից՝ անկախ նրանից, մեզ դուր են գալիս դրանց ծայրահեղական դրսևորումները, թե ոչ: Հիմա էլ նույնն ենք անում «Հայելու» դեպքում:
Արձանագրենք նաև, որ Ֆեյսբուքի և հարյուրավոր «սունկ» կայքերի հայտնվելը հրապարակային խոսքը դարձրին ավելի անպատասխանատու, ավելի ագրեսիվ ու ծայրահեղական:
Այնուամենայնիվ, ես իմ պատասխանատվությունը նույնպես զգում եմ, որովհետև առնվազն 25 տարի ես համոզում եմ մարդկանց լինել զուսպ, հանդուրժող, ներողամիտ, բարյացակամ, լայնախոհ, բայց իմ այդ ձգտումը սովորաբար հանդիպում է պատի: Իսկ պատը կազմված է «բա որ նրանք…» ոճի «երկաթյա» փաստարկներից: Այդ տրամաբանությամբ՝ քանի որ «նրանք» այսինչ և այնինչ բանն են արել, ուրեմն «նրանց» պետք է ոչնչացնել, եթե ոչ ֆիզիկապես, ապա բարոյապես: Ինչը և արվում է՝ սոցցանցերն ու կայքերը պարզապես շնչում են ատելությամբ, և այդ ատելությունը փոխանցվում է երիտասարդ սերնդին»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3819 դիտում
22:52 04-06-2015
Դժվարություններ, որոնք ծանոթ չեն երիտասարդ սերնդին. Ֆոտոշարք
12087 դիտում
22:26 02-05-2020
«Հազիվ էի շնչում, հիմա նորից քայլել եմ սովորում». կորոնավիրոսը հաղթահարած երիտասարդ. «Ազատություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
1896 դիտում
09:14 29-09-2020
Ադրբեջանում սոցցանցերն արգելափակված են
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am