32664 դիտում
14:26 29-07-2017
Գալիս էր և աշխատում ինքնամոռաց, իսկ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չհանդուրժեց աշխատակցի արդարամտությունն ու նվիրումը
«Սերնդափոխություն: Այս կետից են սկիզբ առնում բոլոր խնդիրները, որովհետև 15 տարում Մատենադարանում սերնդափոխություն չի եղել, ամբողջ հայագիտության համար սա ցավագին հարց է»,- սա Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի լուսահոգի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, նարեկացիագետ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի համոզմունքն էր, որի մասին նա մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել էր:
Սերնդափոխությունը համարելով գիտության զարգացման առաջնային խնդիր` նա տարիներ շարունակ բացահայտում և Մատենադարանի աշխատանքներում էր ներգրավում երիտասարդ տաղանդներին, մինչդեռ ոչ բոլորն են այդպես մտածում:
Հ. Թամրազյանի մահից հետո Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ Վահան Տեր-Ղևոնդյանը, ով Մատենադարանում աշխատում է 2012 թվականից: Արդեն գրեթե 1 տարի է, ինչ չի հայտարարվում Մատենադարանի տնօրենի ընտրության մրցույթ: Բայց սա առանձին լուսաբանման թեմա է:
Օրերս մի շարք կայքերում շրջանառվեց մի նյութ, ըստ որի՝ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը լուծարել է երիտասարդ աշխատակիցներից մեկի՝ Արթուր Հովհաննես Հովհաննեսյանի աշխատանքային պայմանագիրը: Հարցը, թերևս, քննարկման առարկա չէր դառնա, եթե դա պայմանավորված լիներ հաստիքների փոփոխություններով:
Եվ ուսումնասիրելով խնդիրը՝ պարզեցինք իրողությունը: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ ամիսներ առաջ Արթուր Հովհաննեսյանը «Առավոտ» օրաթերթում հանդես եկավ հոդվածով, որի հիմքում հետևյալ գաղափարն էր՝ Մատենադարանը հայգիտության կաճառ է, և տնօրեն պետք է դառնա Մատենադարանում տասնամյակների վաստակ ունեցող հայագետը: Նրան վրդովեցրել էր նաև այն փաստը, որ Մատենադարանի մուտքի մոտ բացվել է առևտրի սրահ, որտեղ վաճառվում են Մատենադարանի հետ որևէ առնչություն չունեցող իրեր՝ մոմեր, գլխաշորեր, հարսանյաց սրահի ատրիբուտներ…
«Մատենադարանը հուշանվերների երկու խանութ արդե՛ն ունի: Իսկ ահա այս մեկը, որը արևելյան շուկա է հիշեցնում, ոչ միայն ավելորդ է, այլև անհարիր է թե՛ Մատենադարանին, թե՛ մեր ժողովրդի հոգևոր նկարագրին»,-ասում է Ա. Հովհաննեսյանը:
Հավանաբար, ԺՊ Վահան Տեր-Ղևոնդյանին դուր չի եկել աշխատակցի նման կարծիքը: Եվ չհանդուրժելով ոչ միայն Արթուր Հովհաննեսյանի, այլև ամբողջ հայ հանրության այս արդարացի պահանջ-չափանիշը՝ աշխատանքից ազատել է երիտասարդ և շնորհալի կադրերից մեկին: Նույնիսկ հաշվի չի էլ առել նրա անմիջական ղեկավարի դիմումը, որտեղ ասվում է, որ Արթուր Հովհաննեսյանը իր գործում չի թերանում, և իր ղեկավարած բաժինը նման կադրերի կարիք շատ ունի: Ավելին, Արթուրին ճանաչողները փաստում են, որ նրան Մատենադարանում կարելի էր տեսնել նաև աշխատանքային օրվա ավարտից հետո: Գալիս էր և աշխատում ինքնամոռաց՝ մինչև ուշ երեկո, որպեսզի որևէ գործ կիսատ չմնար:
«Մատենադարան գալն ինձ համար եկեղեցի մտնել է նշանակում, իսկ ինձ վստահված աշխատանքը կատարելը՝ սուրբ հաղորդություն ստանալ»,-ասում է նա:
Զարմանալի է մի բան. փաստորեն, պարոն Վահան Տեր-Ղևոնդյանը, ունենալով դիվանագետի որակավորում, անգամ իր մասնագիտության հետ կապ չունի և իր գործողություններում կտրուկ և անկանխատեսելի է, ինչը բնորոշ չպետք է լինի ծայրաստիճան հավասարակշռված բնավորություն պահանջող այդ կարևոր բնագավառը ներկայացնող մարդուն: Երևի դրանով պետք է բացատրել այն հանգամանքը, որ Վահան Տեր-Ղևոնդյանը իր դիվանագիտական գործունեության ընթացքում իրեն վստահված պաշտոններում պաշտոնավարել է շատ կարճ ժամանակ:
Համացանցում Մատենադարանի գիտնականների մասին շատ հարուստ նյութեր կան: Մինչդեռ Վահան Տեր-Ղևոնդյանի մասին մեր գտած միակ նյութը նրա կենսագրական տեղեկությունն էր: Իսկ իր հեղինակած միակ աշխատությունը՝ «Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226թթ. Երևան; 1994 թ.» գիրքն է, որը թարգմանվել է արաբերեն և ֆրանսերեն: Ուշագրավ են հատկապես նրա պետական ապարատում աշխատած տարիների տեղեկությունները.
2006-2008թթ. ՀՀ Արտակարգ ու լիազոր դեսպան Լիբանանի հանրապետությունում:
2003 -2005 թթ. եղել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական:
1995-98թթ. ՀՀ Արտակարգ ու լիազոր դեսպան Արգենտինայում(համատեղությամբ՝ Ուրուգվայում ու Բրազիլիայում):
1993-95թթ. ՀՀ Գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆրանսիայում:
Ինչպես տեսնում ենք, նրա պաշտոնավարման ժամկետները առավելագույնս 3 տարի են ձգվում: Այնինչ, գոնե մեզ հայտնի պրակտիկայում որևէ երկրում արտակարգ ու լիազոր դեսպան նշանակվում են առնվազն 5 տարի ժամկետով: Իսկ եթե վերոնշյալ անձը գերազանց է տիրապետում տվյալ երկրների կամ տարածաշրջանների քաղաքական նրբություններին, ապա չի բացառվում , որ այդ ժամկետը ձգվի երկար տարիներ:Կարող ենք բազում օրինակներ թվարկել:
Սակայն վերադառնանք խնդրո առարկային: Արթուր Հովհաննեսյանը մեզ հետ զրույցում պատմեց հետևյալը. «Օրեր առաջ ինձ զանգհարեցին կադրերի բաժնից ու հայտնեցին, որ իմ աշխատանքային պայմանագիրը, որը լրանում է օգոստոսին, չի երկարաձգվելու: Պատճառը պայմանագրի ժամկետի ավարտն է, հաստիքը չի կրճատվում: Իմ աշխատանքից էլ, կարծես, դժգոհ չեն (համենայնդեպս, իմ անմիջական ղեկավարը շատ գոհ է, ու նրա կարծիքը նույնիսկ չեն էլ հարցրել՝ պե՞տք եմ, թե՞ ոչ): Եվ իմ հեռացման ստույգ պատճառ որպես այդպիսին գոյություն չունի:
Փաստորեն, այնքան են շտապում ազատվել ինձանից, որ սահմանված 10 օրվա ընթացքի փոխարեն 1 ամիս առաջ են ծանուցում: Ա՛յ, հիմա նոր եմ հասկանում մեր ԺՊ Վահան Տեր-Ղևոնդյանի դիվանագիտական գործունեության կարճաժամկետ լինելու պատճառը: Փաստորեն, սեփական կարծիքն արտահայտող մարդուն աշխատանքից հեռացնելով է նա փորձում ամրապնդել իր կայունությունը: Չգիտեմ՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար՝ ես քամելեոն չեմ. հեռացված, թե չհեռացված՝ ինձ համար միշտ կարևոր է եղել Մատենադարանի հարատևությունը, հանուն որի չեմ լռել ու չեմ լռելու(դա ինձ համար քաղաքացիական պարտք է): Թե ովքեր կփորձեն իրենց «ձեռքերը տաքացնել» իմ բարձրացրած ազնիվ պայքարի կրակի վրա, դա արդեն ինձ չի հուզում:
Մատենադարանն ինձ համար սրբազան տաճար է , ինքնաճանաչողության ավազանն է, մի րոպե անգամ չեմ տատանվի սեփական կյանքս նրա համար զոհելու: Մարտական գործողությունների ժամանակ, երբ կրակում էի թշնամու վրա, ամեն դուրս թռչող փամփուշտի հետ մեր սրբերի անուններն էի տալիս (Սուրբ Մաշտոցի անունը այն ժամանակ, հավանաբար, չեմ տվել) , և համոզված էի, որ այդ փամփուշտներով սպանում եմ՝ հանուն մեր սրբերի ու Մատենադարանի: Գիտեմ, երևի կմտածեք՝ խեղված մարդու հոգեբանություն է կամ՝ էս ջահելը էս ի՜նչ պաթետիկ հայրենասիրություն է խաղում….գուցե խաղ է, որին ես հավատում եմ կուրորեն»,-ասում է Արթուր Հովհաննես Հովհաննեսյանը: Եվ չնայած օրեր անց նա այլևս աշխատանք չի ունենալու ՝ շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած արժեքներին և պատկերացումներին: Եվ նորից կրկնում է իր ֆեսբուքյան էջում օրեր առաջ արտահայտած գաղափարը.
«Ես այսօր էլ իմ սկզբունքին անդավաճան եմ մնում: Իսկ թերթերում ինչ գրել եմ՝ հիմնավորված ու փաստերով եմ գրել: Հիմա էլ կարծում եմ, որ Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի տնօրեն լինել չի կարող. պարոնը ազգային պարծանք չէ և դեռ գիտնական էլ չէ (ընդունված նորմի համաձայն Մատենադարանի տնօրեն դառնալու համար առնվազն պետք է գիտությունների դոկտոր լինել): Ինչպե՞ս կարող է գիտության մեջ վաստակ չունեցողը դիրեկտոր կարգվել լուրջ գիտնականների գլխին. սա նշանակում է՝ ջուրը գցել մատենադարանցի գիտնականների տասնամյակների վաստակն ու ներդրումը, անարգել նրանց: Հիմա էլ մտածում եմ, որ «դախլիները» ուղղակի պղծում են մի քանի մետր այն կողմ պահպանվող մեր սրբությունները, պղծություն էր նաև այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Խաղաղության մասին թեզիսն էր ներկայացված «Նոր գրքեր» ցուցափեղկի տակ»,- ընդգծում է Արթուր Հովհաննեսյանը:
Նշենք, որ Արթուր Հովհաննես Հովհննեսյանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: Լինելով օպերատոր և լրագրող՝ իրադարձությունները լուսաբանում էր առաջին գծից, ինչի համար արժանացել է գերատեսչական պարգևների: Նրա հասարակական գործունեության շնորհիվ է , որ իր հայրենի գյուղում բացվել են առաջին գրադարանն ու մանկական խաղահրապարակը: «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բարև զինվորից» հաղորդաշարի ռեժիսորի ասիստենտն է, սցենարիստն ու օպերատորը:
Չնայած երիտասարդ տարիքին՝ արդեն հասցրել է մոտիկից շփվել ու համագործակցել մշակույթի անվանի գործիչների հետ, և նրանց անունների ներկայությունը Արթուրի ֆեսբուքյան էջում պատահական չեն: Նրան աշխատանքի էր ընդունել լուսահոգի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ով Մատենադարանի ապագայի երաշխիքներից մեկը տեսնում էր տաղանդավոր երիտասարդներին ներգրավելու մեջ: Իսկ երիտասարդ սերունդն արդեն հասցրել է ապացուցել, որ ինքը տերն է իր պատմամշակութային ժառանգության և պատրաստ է մեր ազգային արժեքները պաշտպանել արտաքին թշնամուց՝ թիկունքին զգալով Մատենադարանի ներկայությունը:
«Ես Վահան Տեր-Ղևոնդյանին պատերազմ չեմ հայտարարել: Պարզապես որպես հայ երիտասարդ՝ ցանկանում եմ Մատենադարանի տնօրենի պաշտոնում տեսնել հայագիտության մեջ ավանդ ունեցող, տասնամյակներ շարունակ Մատենադարանի համար ապրող և արարող լուրջ գիտնականի: Այդպիսի արժանի գիտնականներ մենք շատ ունենք, որոնք վաղուց վաստակել են դրա իրավունքը: Իմ երազանքը Մատենադարանի հարատևությունն է»,-համոզված Արթուր Հովհաննես Հովհաննեսյանը»։
Հ.Գ. Ի դեպ , Մատենադարանի տնօրենի պարտականությունները կատարող Վահան Տեր-Ղևոնդյանը մայիսին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: Մեր կատարած ուսումնասիրություններից պարզել ենք, որ Վահան Տեր-Ղևոնդյանի ներկայացրած հոդվածներից մի քանիսը նույնությամբ տպագրված են տարբեր գիտական հանդեսներում՝ տարբեր վերնագրերի տակ, որոնք, սակայն, ԲՈՀ են ներկայացվել որպես առանձին հոդվածներ: Նշենք մի քանի փաստ.
Առաջին. «Բամբեր Մատենադարանի» 2014թ. և «Բամբեր հայագիտության» 2014թ. հոդվածները նույնն են՝ ներկայացված որպես առանձին նյութեր: Երկրորդ. ՊԲՀ-2010-ն ամբողջությամբ կրկնում է 2009 թ․ Անթիլիասի «Հասկ հայագիտական» տարեգրքում (ԺԱ տարի) տպագրված հոդվածը: Երրորդ․ «Կիլիկյան Հայաստանի ընկալումը հարևան պետական միավորների կողմից» վերնագրով գիտ․ժող․, 2016, «Էջմիածին» 2016թ․ նոյեմբեր եւ ֆրանսերեն հայագիտական Ռևյուի, 2016թ. համար 37-ը կրկնվում են՝ նույն վերնագրով: Չորրորդ․ Վահան Տեր-Ղևոնդյանի դոկտորական աշխատանքի մոտ կեսն արտագրված է իր իսկ թեկնածուական աշխատանքից: Թեկնածուական համարվող «Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները» (Երևան, 1994) ներկայացնում է 1145-1226 թթ. պատմությունը, իսկ դոկտորական ատենախոսությունը՝ 1171-1260-ականները:
Այս ամենից հետո հարց է առաջանում. որքանո՞վ կարելի է նրա աշխատանքը դոկտորական ատենախոսություն համարել, դատողությունները թողնում ենք ձեզ: Եթե Վահան Տեր-Ղևոնդյանը չի հարգում ԲՈՀ-ի, «Պատմաբանասիրականի», «Էջմիածնի», «Հայագիտության բամբերի» հեղինակությունները, չարաշահում է Մատենադարանի «Բամբերի» խմբագրակազմի վստահությունը, ապա ինչպե՞ս կարելի է նրան վստահել Մատենադարանում պահպանվող մեր ազգային ժառանգության ճակատագրի տնօրինությունը։ Եվ սա էլ դեռ բավական չէ, նրան հաջողվել է իր անձը ներկայացնել այնպես, որ վերջերս ընտրվել է Հայ Առաքելական եկեղեցու Հոգևոր Խորհրդի անդամ: Եվ տպավորություն է ստեղծվում, որ Վահան Տեր-Ղևոնդյանը ավելի բարեպաշտ հայ քրիստոնյա է, քան, օրինակ, Շիրակի Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով բարձրաստիճան հայ հոգևորականի իսկական կերպար է: Այս հարցով, կարծում ենք, իրենց խոսքը պետք է ասեն ոչ միայն Մատենադարանի գիտական խորհուրդը, այլև Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրերը: Չէ՞ որ Մատենադարանում պահվող մեր ազգային գանձերը ստեղծվել են մեր հնագույն եկեղեցիների ու վանքերի սուրբ պատերի ներսում՝ հիմնականում հենց միջնադարյան իմաստասեր վարդապետների կողմից:
Մանե Գրիգորյան
Նմանատիպ նյութեր
3443 դիտում
21:10 02-12-2019
Ձերբակալվել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը
Այս բաժնից
583 դիտում
15:19 30-11-2024
Երևան կժամանի ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը
685 դիտում
14:03 30-11-2024
ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ