Վերսալի հանդիպումից հետո Ֆրանսիան ու ՌԴ-ն առաջ են ընթանում Սիրիայի հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Journal du Dimanch-ին տված հարցազրույցում ասել է, որ Վերսալում նախագահներ Մակրոնի և Պուտինի հանդիպումից հետո դրականորեն փոխվել է սիրիական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Նա փաստել է, որ Ռուսաստանի ու Ֆրանսիայի համագարծակցությունն այս հարցերի շուրջ առաջ է ընթանում: «Վերսալի հանդիպումից ի վեր ես փաստում եմ, որ մենք առաջ ենք ընթանում այդ հարցերի շուրջ: Մեր համագործակցությունը միանգամայն փոխվել է»,- ասել է Մակրոնը:
Հարցազրույցի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ անդրդվելի է լինելու քիմիական զենքի կիրառման հարցում: «Եթե այն կիրառվի, ես հակահարված կտամ: Ես ապահովել եմ, որպեսզի Ֆրանսիան պատասխան տա՝ նախքան այդ մասին ասելը»,- ասել է Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ մարդասիրական բեռների համար հասանելիություն է ապահովել մարտական գործողությունների գոտում խաղաղ բնակիչների փրկության համար:
Միևնույն ժամանակ նա կրկնել իր նախկինում հայտնած միտքն առ այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը պարտադիր պայման չի համարում, քանի որ առաջնահերթությունը տարածաշրջանում խաղաղության ապահովումն ու ահաբեկչության դեմ պայքարն է: