211652_close_icon
views-count18345 դիտում article-date 11:28 16-07-2017

Թբիլիսիում ներգաղթյալների դեմ ցույց է կազմակերպվել «Վրաստանը վրացիներին», «Հյուրը՝ հյուրի նման» կարգախոսներով

Հուլիսի 15-ին «Վրաստանը վրացիներին», «Հյուրը՝ հյուրի նման» և այլ կարգախոսերով «Վրացիների քայլերթ» է կազմակերպվել Թբիլիսիի կենտրոնական Աղմաշենեբելի պողոտայում։ Հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%BE%D6%80%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A5%D6%80%D5%A9-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%A3/]aliq.ge[/url]-ն: Վրացական ազգային երգերի ներքո ընթացող ցույցի հազարավոր մասնակիցների շարքում են եղել նաև հոգևրականներ, որոնք քայլել են սրբապատկերները վեր պարզած։ Ցույցն ուղղված էր ապօրինի ներգաղթյալների դեմ: Նման բազմամարդ երթի առիթ էր դարձել վերջերս Իրանի 51-ամյա քաղաքացու կողմից Վրաստանում անչափահաս տղայի նկատմամբ բռնաբարությունը: Ցույցի տարածքն ընտրված էր խորհրդանշորեն․ Այս փողոցում են գտնվում բազմաթիվ թուրքական և արաբական սրճարաններ, ռեստորաններ և խանութներ: «Մենք պայքարում ենք օտարերկրա բոլոր հանցագործների դեմ։ Նրանք չեն հարգում Վրաստանի քաղաքացիներին, տարածում են թմրամոլություն ու մարմնավաճառություն: Մեզ աջակցում են մի շարք քաղաքական գործիչներ, ՀԿ-ներ, բոլոր նրանք, ովքեր ուղղափառ հավատի կողմնակից են, ովքեր անհանգստանում են Վրաստանի ապագայի համար»,- «Ալիքի» հետ զրույցում նշեց ցույցի կազմակերպիչներից Ռամազ Գագնիձեն: Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ջոնդի Բաղատուրիան «Ալիքի» հետ զրույցում պարզաբանեց ցույցի ընթացքում բազմիցս հնչած «Վրաստանը վրացիներին» արտահայտությունը. «Վրաստանը երկրի բոլոր քաղաքացիներինն է: Մենք պայքարում ենք Մերձավոր Արևելքից ժամանած ապօրինի միգրանտների դեմ։ Նրանց թվում հիմնականում թուրքերն են, արաբները, ինչպես նաև հնդիկներն ու չինացիները: Մենք դեմ ենք ապօրինի միգրացիային, այնպես, ինչպես Եվրոպայում, ԱՄՆ-ում»։ Անցած տարի նույն վայրում մի խումբ ազգայանականների կողմից կազմակերպված հակաթուրքական ցույցն ավարտվել էր անկարգություններով: Այս տարի բողոքի ցույցը խաղաղ ընթացք ունեցավ։ Անվտանգությունը ապահովելու նպատակով տեղում մոբիլիզացվել էին ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ։ Մասնակիցները, սակայն, խոստացան, եթե իրենց պահանջները չկատարվեն, մեկ շաբաթ անց «ագրեսիա կցուցաբերեն»: Հարկ է նշել նաև, որ Աղմաշենեբելի պողոտայում տեղակայված թուրքական և արաբական շուրջօրյա ռեստորանների մեծ մասն ցույցի ընթացքում փակ էր:

Նմանատիպ նյութեր