211652_close_icon
views-count9710 դիտում article-date 21:41 06-07-2017

Ապրիլյան և հուլիսյան դեպքերը տնտեսությանն և քաղաքական համակարգին լուրջ հարված էին. Շարմազանով

«2016թ. շատ բարդ տարի էր՝ մարտահրավերներով լի։ ԵՏՄ երկրները, ընդհանուր առմամբ, 2016թ. ապահովել են 0.1% տնտեսական աճ։ ԵՄ երկրներն ապահովել են 2%-ից պակաս տնտեսական աճ։ Հայաստանն այս դեպքում ԵՏՄ երկրների շարքում 1.0%-ով ավելի աճ է ապահովել»,- այսօր ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ մեր տնտեսությունը ցնցումների մեջ չի ընկել. «Եթե մեր տնտեսությունը ցնցումների մեջ ընկներ, չկարողանայինք ապահովել մակրոտնտեսական կայունություն, դրան գումարած՝ ապրիլյան պատերազմը, դրան գումարենք՝ հուլիսյան ահաբեկչական դեպքերը, ու պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ։ Իմ ընդդիմադիր գործընկերներն ասում են՝ ինչ լինում է՝ արտաքին գործոնների վրա եք գցում։ Այսքան մարտահրավերներով լի, գումարած՝ ապրիլյան և հուլիսյան դեպքերը, որոնք մեր տնտեսության և քաղաքական համակարգին լուրջ հարված էին, մեր տնտեսությունը ցնցումների չի ենթարկվել»։ Շարմազանովը նշեց, որ 2017թ. լինելու է կայունացման տարի. «Մենք պետք է ավելի քրտնաջան աշխատենք։ 0.2%-ը մեզ չի բավարարում, դրա համար էլ ավելի ամբիցիոզ տեսլական ներկայացվեց, որի մասին այստեղ խոսեց ՀՀ նախագահը։ Կարծում եմ, որ պետք է ճիշտ հետևություններ անենք, իշխանությունը չասի՝ ամեն ինչ նորմալ է, և դոփենք տեղում։ Մենք դեմ ենք լճացմանը, կողմ ենք առաջընթացին, բայց առաջընթաց կարող ենք ապահովել միայն մի դեպքում, երբ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը տեսնեն և՛ դրական, և՛ բացասական կողմերը, տան օբյեկտիվ գնահատական առկա իրավիճակին»։

Նմանատիպ նյութեր