211652_close_icon
views-count3049 դիտում article-date 17:27 20-06-2014

ՀՀ գյուղատնտեսությունում քննարկվել են Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրները

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցության հիմնական թեման Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրներն էին: Նախարարության պատասխանատուներից և համապատասխան ծառայությունների մասնագետներից բացի, խորհրդակցությանը մասնակցում էին նաև բնապահպանության ոլորտում գործող հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քննարկմանն էին ներկայացված «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, անտառային տնտեսության վարման արդի վիճակի և խնդիրների, 2014 թվականի առաջին կիսամյակում «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ի կողմից կատարված աշխատանքների արդյունքների մասին հարցերը: Վերջիններիս վերաբերյալ ՀՀ ԳՆ անտառաբուծության բաժնի պետ Արթուր Պետրոսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի և «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Հովհաննիսյանի ներկայացրած զեկուցումների շահագրգիռ քննարկման արդյունքում խորհրդակցության մասնակիցները դրականորեն արձագանքեցին հասարակական կազմակերպությունների հետ նման հանդիպումներ կազմակերպելու միջոցով ոլորտային խնդիրներին լուծում տալու ՀՀ գյուղատնտեսության նախարարության որդեգրած քաղաքականությանը: ՀՀ անտառային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները գնահատվեցին որպես հիմնավորված և անհրաժեշտ: Ամփոփելով անտառային տնտեսության վարման արդի վիճակի մասին հնչած կարծիքներն ու տեսակետները, նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ չնայած վերջին մի քանի տարիներին որոշակի աշխատանքներ են կատարվել անտառների պահպանության և վերականգնման ուղղությամբ, մասնավորապես կրկնակի նվազել են ապօրինի անտառահատումնրը, սակայն այս բնագավառում դեռ շատ են օրախնդիր հարցերը, որոնց լուծման գործում ակնկալվում է հասարարակական կազմակերպությունների գործուն աջակցությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր