ԵՊԼՀ շրջանավարտները, հաղթահարելով կրթական երկրորդ փուլը, անցնում են ավելի կարևորին
Վ . Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) բակալավրիատի և մագիստրատուրայի 607 շրջանավարտ ստացավ ավարտական վկայական: Այս տարի ԵՊԼՀ-ն ունի 121 կարմիր դիպլոմակիր:
ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) համագործակցությամբ Մոսկվա կինոթատրոնի դահլիճում հուլիսի 6-ին անցկացվեց ԵՊԼՀ 2016-2017 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Դուք ունեք լավագույն մասնագիտությունը: Դուք այն հաստատության շրջանավարտներն եք, որ տարիներ շարունակ բարձր է պահել ՀՀ-ի դռները օտար արժեքների ներմուծման համար և լավագույն արժեքներն ադապտացրել: Առանց լեզուների իմացության, լեզվական ճիշտ գիտելիքների հնարավոր չէ զարգացում ապահովել»,- ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկչտրչյանը:
ՀՀ ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը փաստեց, որ շրջանավարտները, հաղթահարելով կրթական երկրորդ փուլը, անցնում են ավելի կարևորին, որն էլի կրթական է: Այնուհետև հավաստիացրեց, որ բոլոր փուլերն այսուհետ կրթական են լինելու, անգամ աշխատանքի ժամանակ: Կարեն Ավագյանը շրջանավարտներին վստահեցրեց` ամենամեծ հաջողությունը, որ այսօր ունեն, իրենց համալսարանի դիպլմոն է: