211652_close_icon
views-count1795 դիտում article-date 13:20 11-05-2026

Համաճարակի վտանգ՝ Երևանի թիվ 179 հիմնական դպրոցի բակում. քանի տարի է 400-ից ավելի երեխաներ դասապրոցեսի են ժամանում՝ հաղթահարելով կեղտաջրերն ու գարշահոտը. պատասխանատուներն «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցում գործող թիվ 179 հիմնական դպրոցում սովորող երեխաների ծնողներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին, «Վեոլիա ջուր» ընկերությանը, ովքեր տարիներ շարունակ ոչ մի աշխատանք չեն իրականացնում դպրոցը և դրան հարակից բազմաբնակարանային, այդ թվում՝ բազմահարկ շենքերի բնակիչներին փրկելու գարշահոտ ու հակասանիտարական վիճակից։

Այսօր՝ մայիսի 11-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում թե՛ բնակիչները, թե՛ երեխաների ծնողները զայրացած ասում էին.

«Երկար ու ձիգ տարիներ է՝ երեխաներին բերում ենք դպրոց էս գարշահոտ հակասանիտարական ճանապարհով անցնելով, որտեղ հասունանում է համաճարակի վտանգը։ Երեխաները դասապրոցեսին մասնակցում են էս հոտի պայմաններում։ Էնքան ենք դիմել Երևանի քաղաքապետարան, Մալաթիայի թաղապետարան, «Վեոլիա ջուր», մեկը մեկի վրա են գցում։ Նույնիսկ դիմել ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, էստեղից էլ նույն քար անտարբերությունը։ 

Հետո էլ ասում են՝ մենք այն պաշտոնյաներն ենք, որ մտածում ենք երեխաների մասին ու ամեն ինչ անում ենք, որ երեխաների դասապրոցեսը լինի իդեալական։ Հետաքրքիր է, Երևանի քաղաքապետն իր գործակարգավարական նիստերը, Մալաթիայի թաղապետն իր խորհրդակցությունները նման պայմաններում կանցկացնե՞ն, իհարկե ոչ։ Կարևորն իրենց աշխատասենյակներում ամեն ինչ «օքեյ» է։ 

Դե «Վեոլիա ջրի» մասին չենք էլ ուզում խոսենք։ Էդ հիմնարկը մեզ համար դարձել է գարշահոտ ստեղծող հիմնադրամ։ Մարդիկ վճարումները կանոնավոր կատարում են, բայց տեսնում եք՝ ինչ ենք շնչում, ինչ պայմաններում ենք հաղթահարում դեպի դպրոց ճանապարհը։ 

Քանի օր է՝ սկսվել է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, հետաքրքիր է Երևանի քաղաքապետը, Մալաթիայի թաղապետը որ էստեղ գան, ի՞նչ երեսով են նայելու մեզ։ Թե այս անգամ որ դեմն ընտրություններ են սարեր կխոստանան ու դա կլինի հերթական փափուկ բարձը մեր գլխի տակ դնելու պրոցես։ Էնպես որ եթե գաք էստեղ, լավ կլինի ձեզ հետ հակագազներ բերեք, որ գոնե դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, երեխաները, հարակից շենքերի բնակիչներս էդ հակագազով շրջենք, թե չէ ստիպված երեխաներին չենք բերելու դպրոց, այլ մեր ու մանուկ, ահել-ջահել հավաքվելու ենք Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ իրականացնելու բողոքի ակցիաներ, մինչև էս գարշահոտ ու հակասանիտարական վիճակը վերացնեք»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր