211652_close_icon
views-count9538 դիտում article-date 13:42 05-07-2017

Իրանցի գործարարների հետ քննարկվել է գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր ընդունել է Իրանի գյուղատնտեսական սարքավորումներ արտադրողների ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվողմի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, գյուղատնտեսական սարքավորումներ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: «Մեր այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կիրառվող տեխնիկային և հարակից սարքավորումներին, դրանց հզորություններին, ինչպես նաև գործարար կապեր հաստատել տեղական արտադրողների հետ իրանական գյուղտեխնիկայի մատակարարման և նորագույն տեխնոլոգիաների ներմուծման նպատակով», - նշել է ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթին: Այնուհետև կողմերը քննարկել են գյուղտեխնիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները: Տեղեկացնելով Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ծրագրերի վերաբերյալ` Ռոբերտ Մակարյանն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել նաև այդ ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունը: Նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև իրանական գյուղտեխնիկայի նմուշների ներկայացումը հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին, ինչը Ռոբերտ Մակարյանի համոզմամբ հնարավորություն կընձեռի հայ ֆերմերներին տեղում ծանոթանալ արտադրանքին: «Նախքան իրանական տեխնիկան հայկական շուկա դուրս բերելը, հարկավոր է հայ ֆերմերներին տեղեկացնել դրանց հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ», - նշել է Ռոբերտ Մակարյանը: Հայ-իրանական համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու նպատակով փոխնախարարն առաջարկել է իրանցի գործարարներին սերտորեն համագործակցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ և ստորագրել հուշագիր, որում կներառվի նաև միջոցառումների հստակ ժամանակացույց: Որպեսզի իրանական գյուղտեխնիկան հայկական շուկայում լինի մրցունակ և ունենա պահանջարկ` Ռոբերտ Մակարյանը միաժամանակ ընդգծել է բարձր որակի և մատչելի գների ապահովման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գյուղտեխնիկայի հավաքման համատեղ կենտրոնի ստեղծման հնարավորությունը: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր