211652_close_icon
views-count6999 դիտում article-date 14:28 01-07-2017

Ստեփանակերտում ընթանում է ԱՀ սպորտային պարերի բաց առաջնություն

Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի և ԱՀ պարի և սպորտային պարերի միության համատեղ նախաձեռնությամբ, ԱՀ կառավարության և «ԱրցախՀԷկ» բաց բաժնետիրական ընկերության աջակցությամբ Ստեփանակերտի N 6 դպրոցում ընթանում է ԱՀ սպորտային պարերի առաջին բաց առաջնություն: Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար, առաջնության գլխավոր ժյուրի Մարիաննա Մամյանն ասել է, որ պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհուրդը (ՊՍՊՀԽ) հիմնադրվել է 2003 թվականին և ստեղծման օրվանից սերտորեն համագործակցում է Պարի համաշխարհային խորհրդի հետ, ինչը նշանակում է, որ Պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհուրդը գործում է Համաշխարհային Խորհրդի կանոնադրության համաձայն և ունի ստանձնած պարտականություններ: «ՊՍՊՀԽ-ը Հայաստանում Պարի համաշխարհային խորհրդի պաշտոնական առաջնությունների կազմակերպման բացառիկ իրավասուն է: Պարի համաշխարհային խորհրդի անդամ լինելը հնարավորություն է տալիս Հայաստանում անցկացնել միջազգային մրցումներ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններ, վարկանիշային մրցումներ: Մեր խորհրդի պահանջներից մեկն էլ այն է, որ մարզական պարերը չկենտրոնանան միայն մայրաքաղաքում, այլ հավասարաչափ զարգանան նաև հանրապետության ողջ տարածքում: Այսօր, բացի Երևանից խմբեր կան նաև Գյումրիում, Աբովյանում, Վանաձորում, Սիսիանում, Էջմիածնում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում, որոնք մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Մենք նպատակ ունենք նաև սպորտային պարերի կամուրջ ստեղծել նաև Սփյուռքի հետ»,-մանրամասնել է Մ. Մամյանը: Խոսելով ԱՀ-ում սպորտային պարերի առաջին բաց առաջնության մասին Մ. Մամյանն ասել է. «Ստեփանակերտից, Շիրակի մարզից, Էջմիածնից, Երևանից, Գյումրիից, Արմավիրից առաջնությանը մասնակցում են 6-18 տարեկան շուրջ 250 հոգի: Նպատակ ունենք Արցախում կազմակերպել սեմինար պարապմունքներ, որտեղ կընդգրկենք նաև ԱՀ շրջանների երեխաններին, այդպիսով սպորտային պարերը կտարածենք ու կզարգացնենք նաև Արցախում: Արցախի և Հայաստանի երեխաները շատ տաղանդավոր են և նրանց հետ աշխատելով, նրանք կարող հանդես գալ միջազգային տարբեր հարթակներում: Հաղթողներն արժանանալու են գավաթների, պատվոգրերի և նվերների»: ԱՀ պարի և սպորտային պարերի միության նախագահ Դիանա Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշել է, որ Ստեփանակերտում իրենց միությունն ստեղծվել է 2017 թվականի փետրվարին: «Չնայած այն հանգամանքին, որ մենք նորաստեղծ ենք՝ կարողացել ենք կարճ ժամանակում սովորել պարեր, որոնք որ այսօր ներկայացնելու ենք ժյուրիի և հանդիսատեսի դատին: Ինչպես բոլոր ոլորտներում արցախցիները փայլուն ելույթներ են ունենում, սպորտային պարերում ևս սպասում ենք հաղթանակների: Մենք հույս ունենք, որ այս միջոցառումները շարունակական բնույթ են կրելու»,-նշել է Դ. Սարգսյանը և հավելել, որ առաջնությանը երեխաները պարում են շարժական մանրահատակի վրա, որն միանշանակ ողջունելի է, որովհետև չունեին:

Նմանատիպ նյութեր