211652_close_icon
views-count6857 դիտում article-date 15:28 20-10-2021

Մեկնարկել է սպորտային պարերի Հայաստանի ակումբային բաց առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 17-ին Երևանի «Նեպտուն» մարզահամալիրում «Կրիստալ» սպորտային պարերի ակումբի նախաձեռնությամբ մեկնարկել է սպորտային պարերի Հայաստանի ակումբային բաց առաջնությունը, որին մասնակցում են բազմաթիվ երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից. «Այս տարի մասնակցության թվով նկատելի ակտիվություն ունենք։ Շուրջ 500 երեխա է մասնակցում»,- ասում է «Կրիստալ» սպորտային պարերի խմբի ղեկավար, Հայաստանի պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի մրցավար, մարզիչ Ժորա Մխիթարյանը:

Վերջինիս փոխանցմամբ` Հայաստանի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 6-րդ անգամ։ Ընդ որում, այս տարի մեծ թվով մասնակիցներ կան ոչ միայն Երևանից, այլև Արմավիրից, Գյումրիից, Արցախից, ինչը շատ ողջունելի է. «Սովորաբար ունենում ենք նաև հյուրեր արտերկրից, բայց այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված, դրսից մասնակցիներ չունենք։ Ամենամյա բաց առաջնության նպատակը սպորտային պարերի մասսայականացումն է և զարգացումը։ Նման մրցումներով փորձում ենք խթանել սպորտային պարերի զարգացումը Հայաստանում։ Առաջնությանը մասնակցում է նաև Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան»։

Ըստ Մխիթարյանի` սպորտային պարերը, համավարակով պայմանավորված, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում զարգացման խնդիր ունեն, սակայն այս շրջանում մեր երկրում գործող ակումբները սկսել են շատ ակտիվ աշխատել, վերականգնվել, և այդ առումով դրական դինամիկան նկատելի է։

«Մեր մարզաձևը պետական ֆինանսավորում չունի, ինչի պատճառով միջազգային մրցաշարերին մասնակցությունը խնդիր է։ Մասնակցում ենք, բայց քիչ թվով մրցումների, այն էլ մեր անձնական միջոցներով: Փորձում ենք ամեն ինչ անել, որ մեզ մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնեն»,- նշում է մարզիչը` միաժամանակ ընդգծելով, որ  Հայաստանն ունի պրոֆեսիոնալ պարողներ, որոնք կարող են պատվով ներկայացնել երկիրը տարբեր մրցաշարերում:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր