Վարչապետը հանձնարարեց տեսչական ստուգումները հետաձգել մինչև տարվա վերջ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին հիշեցրեց, որ 2017 թվականի հունվարի 26-ին կառավարության որոշմամբ մինչև հուլիսի 1 սահմանափակվել են տեսչությունների կողմից ստուգումները և հանձնարարեց որոշակի ժամանակահատվածով տեսչական ստուգումներ չանցկացնել:
«Ձևակերպումը շատ հետաքրքիր է գրված՝ որոշակի ժամանակահատվածով: Համենայնդեպս ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարում եմ հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ ստուգումների կասեցումը մինչև տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ»,-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ ստուգումների ժամանակավոր կասեցումը նպատակ ունի բիզնեսին զերծ պահել անհարկի տեսչական միջամտություններից և ստուգումների սահմանափակումը չի տարածվում բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների վրա: Այսինքն` ստուգումները շարունակվելու են բոլոր այն դեպքերում, որոնք իրականում վտանգ են սպառնում մարդու կյանքին, առողջությանը, հանրային անվտանգությանը և այլոց իրավունքներին:
«Դուք գիտեք, որ տեսչությունների բարեփոխումների ընթացք է գնում և մոտակա երկու-երեք ամսվա ընթացքում նոր համակարգ ենք ձևավորելու, որը տարբերվելու ներկա համակարգից: Այնտեղ կատարվելու է օպտիմալացում, տեսչական համակարգերի միավորում և լինելու մի քիչ այլ փիլիսոփայություն»,- ասաց նա: