ՌԴ-ին չեմ մեղադրում, ունեմ իշխանություն ու իրենից եմ պահանջում երկրի շահերին համապատասխան քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը համերաշխություն է հայտնում ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե ամբողջությամբ համակարծիք է ԵՄ դեսպանի խոսքի հետ:
«Ես համաձայն չեմ այն արտահայտության հետ, որ սա հարսանիք չէ, որ ով փող տալիս է, նրա համար է։ Կներեք, բայց սա պայմանագիր է: Պայմանագիրը կողմերի պարտավորությունների դաշտ է, քանի որ այդ գումարները պարզապես չեն նվիրվում»,- ասաց նա:
Ալավերդյանը նկատեց, որ նախատեսվում է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրում, ինչի շուրջ նման խոսակցությունները կարող են բացասական մթնոլորտ ստեղծել:
«Ես միշտ տեսնում եմ, որ մեր իշխանությունները կաշկանդված են գործում, դրա համար էլ կան լեգենդներ, թե ՌԴ-ն է ճնշում և այլն: Ես երբեք ՌԴ-ին չեմ մեղադրելու, քանի որ երկիր ունեմ, ունեմ իշխանություն ու իրենցից եմ պահանջում երկրի շահերին համապատասխան քաղաքականություն վարել: ԵՄ-ն ունի պայմաններ, որին մենք ենք գնում: Այս արձագանքն ինձ համար առնվազն տարօրինակ էր»,- ընդգծեց Ալավերդյանը:
Վերջինս համաձայնեց այն տեսակետի հետ, որ ԵՄ դեսպանի խոսքում նորություն չկար՝ դրա մասին բոլորն են խոսում, սակայն նկատեց, որ Սվիտալսկին հնչեցրել է Եվրամիության գնահատականը:
«Այո՛, նա զուտ իր անձնական կարծիքը չի կարող ասել, դա ԵՄ գնահատական է: Ես միայն ափսոսում եմ, որ ՀՀԿ-ն իր մեջ չի գտել ուժ ընդունելու, որ այդ երևույթները կան, և քայլեր ձեռնարկի այդ խնդիրների կարգավորման համար»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: