211652_close_icon
views-count8249 դիտում article-date 14:08 22-08-2016

Մինսկի խումբը ճգնաժամի մեջ է, ՄԽ կազմ պետք է ընդգրկվի Իրանը. Լարիսա Ալավերդյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը ճգնաժամի մեջ է: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: ՄԽ ձևաչափի ճգնաժամի մասին, ըստ Ալավերդյանի, վկայում է այն, որ կողմերի միջև այդպես էլ ձեռք չի բերվել հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածություն: Միաժամանակ, Լ. Ալավերդյանը նշեց, որ մենք մտել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլորովին նոր փուլ, սակայն հայկական կողմի դիվանագիտության բացակայության պատճառով այդպես էլ պարզ չի մնում, թե նոր մոտեցումների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Հայաստանը: «Իսկ մեր պաշտոնյաները բորբոքված ելույթներ են ունենում, թե ով է ասում, որ մենք հողեր ենք տալու, ով է ասում, որ նման խոսակցություններ կան, բայց ինչ է՝ ե՞ս եմ Կազանի մասին լուրը տվել, ե՞ս եմ հայտարարել, որ համաձայնել ենք այդ փաստաթղթին: Այս ազնվական բորբոքումն ամենևին տեղին չէ, հասցեական չէ»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ Մինսկի խմբի կազմում պետք է ընդգրկվի Իրանը, որը սահմանակից է հակամարտող կողմին: Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, Լարիսա Ալավերդյանի խոսքով, բացառված չէ. «Պատերազմի հավանականությունը բավական լուրջ մակարդակի վրա է: Մենք չունենք հաջողություններ դիվանագիտության մեջ, որ ասենք, թե իջեցվել է այդ վտանգի աստիճանը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի տապալված, կեղտոտ հարձակումը մի ազդանշան էր մեր իշխանությունների համար, որ ԶՈՒ-ն ուժեղացվի և ոչ այլ ինչ»: Հարցին, թե ինչ նկատի ուներ Բակո Սահակյանը, երբ հայտարարում էր, որ իրավացի փոխզիջումներն անհրաժեշտ են, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ իր համար ընդունելի չէ զիջումների ու փոխզիջումների մասին խոսելը: «Ադրբեջանը երբեք զիջումների ու փոխզիջումների մասին չի խոսում: Դուք երբևէ լսե՞լ եք, որ նման բան ասեն, հակառակը, իրենք հստակ ասում են՝ մեր հողերն են, տվեք մեզ, ավելին, ասում են, որ Հայաստանի մի մասն էլ իրենցն է»: Անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև սպասվող առաջիկա հանդիպմանը՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Դրանով Մինսկի խումբն ուզում է ցույց տալ իր շարունակականությունը, իսկ մենք որևէ ակնկալիք դրանից չպետք է ունենանք: Բայց սա չի նշանակում, որ ես դեմ եմ հանդիպումներին: Հանդիպումների առկայությունը նշանակում է, որ գոնե պատերազմ պիտի չլինի»:

Նմանատիպ նյութեր