211652_close_icon
views-count12712 դիտում article-date 13:10 20-06-2017

«Հիանալի նվագախումբ է, շատ շնորհալի երաժիշտներ են». Գիա Կանչելին՝ Երիտասարդական նվագախմբի մասին

Հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ԽՍՀՄ և Վրաստանի ժողովրդական արտիստ Գիա Կանչելիին նվիրված փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ մենահամերգով հանդես եկան բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը։ Ծրագրում հնչեցին Գիա Կանչելիի հայտնի մեղեդիները՝ գրված թատրոնի և կինոյի համար: Մենակատարներ Սևաստյանն ու Միլկիսը նշեցին, որ Կանչելիի՝ ֆիլմերի համար գրված երաժշտության շնորհիվ դիտել են կինոնկարները։ Ընդ որում, մեղեդիներն օգնել են նրանց սիրել ու հասկանալ այդ ֆիլմերը։ Եվ սա այն դեպքերից է, երբ երաժշտությունը լրացնում է ֆիլմը կամ ներկայացումը, ինչը կարելի է ասել նաև Նինա Ռոտայի և այլ կոմպոզիտորների մասին։ Հիշեցնենք, որ Գիա Կանչելիին նվիրված փառատոնի մեկնարկը Երևանում տրվել է հունիսի 18-ին։ Սիմֆոնիկ համերգի ընթացքում ներկայացվել են Կանչելիի մեծակտավ ստեղծագործությունները՝ լարային նվագախմբի, դաշնամուրի և հարվածայինների համար գրված «SIO՚ ստեղծագործությունը, «Գիշերային աղոթքները՚՝ գրված կլարնետի և լարային նվագախմբի համար, Չորրորդ սիմֆոնիան՝ «Միքելանջելո՚։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես է եկել աշխարհահռչակ կլարնետահար Յուլիան Միլկիսը (Կանադա)։ Ինքը՝ Կանչելին, խոսելով Երևանում իրեն նվիրված փառատոնի մասին, նկատեց, որ վաղուց՝ մոտ մեկ տարի առաջ գիտեր, որ իրեն ցանկանում են Հայաստան հրավիրել. «Սպասել եմ, և վերջապես այդ օրը հասավ։ Ինձ համար դա և՜ մեծ պատիվ է, և՜ մեծ ուրախություն»։ Կոմպոզիտորը նշեց, որ փառատոնային երեք օրերի համերգային ծրագրերի ընտրությունը թողել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին. «Հիանալի նվագախումբ է, շատ շնորհալի երաժիշտներ են։ Ես ուրախ եմ աշխատել երիտասարդ երաժիշտների և երիտասարդ դիրիժորի հետ, առավել ևս որ նա ինձ շատ հիշեցնում է Էդուարդ Միրզոյանին»։ Հիշեցնենք, որ Գիա Կանչելիին նվիրված փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր