211652_close_icon
views-count10233 դիտում article-date 22:01 17-06-2017

Երևան է ժամանել Գիա Կանչելին

Այսօր երեկոյան Երևան է ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին։ Հիշեցնենք, որ հունիսի 18-20-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացնելու է Գիա Կանչելիին նվիրված փառատոն։ Կոմպոզիտորին դիմավորելու էին եկել փառատոնի կազմակերպիչները, Հայաստանում Վրաստանի դեսպանը, լրագրողներ։ Գիա Կանչելին, զրուցելով լրագրողների հետ, նշեց, որ շատ վաղուց է եղել Հայաստանում։ «Ես շատ երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ևս մեկ անգամ գալ Հայաստան, երկիր, որի հետ իմ կյանքի կեսն է կապված եղել։ Շուտով ես կլինեմ 82 տարեկան և գրեթե կեսը անցկացրել եմ Դիլիջանի ստեղծագործական տանը, որտեղ ես գրել եմ իմ 6 սիմֆոնիաները, յուրաքանչյուրը ես գրել եմ 1-3 տարիների ընթացքում։ Եվ ամեն անգամ, երբ ավարտում էի իմ աշխատանքը, անպայման պետք է առաջինն այն ներկայացնեի Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։ Ինձ համար մեծ պատիվ էր նրանց ցույց տալ իմ աշխատանքները և լսել նրանց կարծիքն ու դիտողությունները։ Ահա, դուք կարող եք պատկերացնել, թե որքան է իմ կյանքը կապված Հայաստանի, հատկապես Դիլիջանի հետ՚,- ասաց Գիա Կանչելին։ Նշենք, որ փառատոնի շրջանակներում հունիսի 18-ին և 20-ին «Արամ Խաչատրյան՚ համերգասրահում տեղի կունենան սիմֆոնիկ համերգներ, որոնց ընթացքում կհնչեն կոմպոզիտորի մեծակտավ ստեղծագործությունները։ Իսկ հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը կներկայացնեն Գիա Կանչելիի հայտնի մեղեդիները՝ գրված թատրոնի և կինոյի համար: Ստեղծագործությունները Հայաստանում հնչելու են առաջին անգամ:

Նմանատիպ նյութեր