Դոնարուման հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը և ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
«Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն հանդես է եկել հայտարարությամբ՝ դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան մեր հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իր հաճախորդը վերջանական որոշում է կայացրել ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգել:
Մենք շատ ուժեղ առաջարկ էինք արել: Խաղացողը այն գնահատել է և հետևություններ արել: Ավելի ուշ նա մեզ հայտնեց, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, իսկ դա նշանակում է, որ նրա ժամանակը «Միլանում» կավարտվի 2018 թվականի հունիսի 18-ին:
Մենք անակնկալի եկանք, քանի որ հույս ունեինք, որ Դոնարուման երկար տարիներ կլինի «Միլանի» դարպասապահը», նշված է հայտարարությամբ:
Նշենք, որ «Միլանը» 18-ամյա դարպասապահին առաջարկել էր տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձ՝ չհաշված տարբեր պարգևավճարները: Սակայն Դոնարուման չի ընդունել այդ առաջարկը, քանի որ՝ ըստ իտալական լրատվամիջոցների, մտադիր է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: