Վիեննան և Սանկտ Պետերբուրգը պահանջում են, որ չկրակեն, սադրանքներ չլինեն և արդյունքը ժողովուրդը տեսնի. Շավարշ Քոչարյան
Միջնորդներից ակնկալիքն այն է, որ վերջապես կյանքի կոչվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Վիեննայում ձևավորվեց այն մոտեցումը, որ մինչև կողմերի միջև չձևավորվի վստահության մթնոլորտ, անհնարին է խոսել բանակցային գործընթացում առաջընթացի մասին: Այդ վստահության մթնոլորտի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը հենց այն է, որ չկրակեն, սադրանքներ չլինեն, և դրա արդյունքը ժողովուրդը տեսնի։ Ըստ էության՝ Վիեննան և Սանկտ Պետերբուրգը դա են պահանջում»,- ասաց նա:
Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաև Ճգնաժամային խմբի զեկույցին և պատերազմի վերսկսման հնրավորությանը։
«Իրականում պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն, տարիներ շարունակ այդ սուրը փորձում է թափ տալ հենց Բաքուն։ Այն քայլերը, որոնք իրականացրել է շփման գծում՝ բարձրացնելով լարվածությունը, իհարկե մտահոգություն է առաջացնում առաջին հերթին հենց միջնորդ պետությունների մոտ, քանի որ երեքն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, պատասխանատու են խաղաղության համար աշխարհի ցանկացած ծայրամասում, առավել ևս՝ այն կետում, որտեղ միջնորդ են»,- ասաց նա, հավելելով, որ տարածաշրջանում ապակայունացումը ոչ ոքի պետք չէ: