Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը պատրաստ չեն զիջել տարածաշրջանը. «Քարնեգի» հիմնադրամի զեկույցը Հարավային Կովկասի մասին
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ «Քարնեգի» հիմնադրամը [url=http://carnegieendowment.org/2017/05/31/u.s.-policy-toward-south-caucasus-take-three-pub-70122]զեկույց[/url], որը ներկայացրել են «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբաններ Եվգենի Ռումերը, Ռիչարդ Սոկոլսկին ու Պոլ Ստրոնսկին։
«Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում ունի կարևոր, բայց ոչ կենսական շահեր, այդ թվում՝ տարածաշրջանային կայունության պահպանումը, սառած հակամարտությունների վերսկսման կանխումը և աջակցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ժողովրդավարական փոփոխություններին ու կառավարման բարելավմանը, ինչպես նաև երկրների միջազգային ինտեգրմանը: Վերջին իրադարձությունները՝ հետսառըպատերազմյան եվրոպական անվտանգության կարգի խախտումը, փոփոխվող համաշխարհային էներգետիկ շուկաները, տարածաշրջանի հարավում անկայունությունը, նոր ամերիկյան վարչակազմը և Եվրամիության ներքին մարտահրավերները պահանջում են այս շահերն առաջ տանելու համար ԱՄՆ-ի կայուն ներգրավվածություն:
Վերջին 25 տարում ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում օգնել է կարևոր դրական փոփոխություններ բերել տարածաշրջան, մասնավորապես՝ Վրաստան: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի աջակցած որոշ նախաձեռնություններ չափազանց հավակնոտ էին, քանի որ դրանք թերագնահատել են Հարավային Կովկասի պետությունների առաջ կանգնած մարտահրավերները և չեն ունեցել անհրաժեշտ ռեսուրսներ: ԱՄՆ քաղաքականությունը կշարունակի բախվել սահմանափակ ռեսուրսների և բարդ պայմանների, սակայն Վաշինգտոնը պետք է ներգրավված մնա՝ օգնելու երեք երկրներին հաղթահարել իրենց ներքին մարտահրավերները:
ԱՄՆ-ն ստիված կլինի մրցել Ռուսաստանի գերիշխող դիրքի և այնտեղ ԱՄՆ-ի ներգրավվածությանը նրա դիմադրության հետ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն չի կարող հեռանալ Հարավային Կովկասից։
Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի տարածաշրջանի սառած հակամարտությունների ակտիվացման կանխումը: ԱՄՆ-ն պետք է նաև զգուշորեն առաջ տանի ամերիկյան արժեքները՝ յուրաքանչյուր երկրի համար առանձնահատուկ մոտեցում դրսևորելով, համեստ ակնկալիքներ դրսևորի՝ չխոստանալով Մոսկվային հակակշռելու համար աջակցություն, որը չի կարողանալու տրամադրել, տեղ տա ԵՄ-ի նախաձեռնություններին, ինչպես նաև իրատեսական լինի էներգետիկ պոտենցիալի հարցում:
2008 թվականի վրաց-ռուսական պատերազմից հետո ԱՄՆ-ի քաղաքականությունն իրականացվել է տարածաշրջանում զգուշորեն հաշվարկված ներգրավվածության ճանապարհով: Ժողովրդավարական փոփոխությունների և Արևմուտքի հետ ինտեգրման քաղաքականությունը շարունակում են մնալ օրակարգում, բայց սպասելիքներն ակնհայտորեն նվազել են, որովհետև Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը տարբեր ուղիներ են բռնել:
ԱՄՆ նոր վարչակազմը դեռ պետք է Հարավային Կովկասի նկատմամբ իր սեփական քաղաքականությունը ձևակերպի: Այն կարող է որոշել շարունակել ներկայիս ճանապարհը, որը հիմնականում բնորոշվում է իներտությամբ և տարածաշրջանային զարգացումներին արձագանքելով, կամ իր սեփական մոտեցումը մշակի: Յուրաքանչյուր դեպքում՝ ԱՄՆ-ն պետք է լիարժեքորեն հաշվի առնի տարածաշրջանի ամբողջ բարդությունը, փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը, Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների շահերն այնտեղ:
Ուկրաինայի ճգնաժամից հետո, Հարավային Կովկասի երեք երկրները հայտնվել են Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական չեզոք գոտում, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը պատրաստ չեն զիջել տարածաշրջանը: Ավելին, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների վատթարացման պատճառով երեք երկրների միջև պառակտում է տեղի ունեցել: Նրանք երեք շատ տարբեր քաղաքականություններ են վարում տարածաշրջանի շուրջ տեղի ունեցող խոշոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին: Վրաստանը փորձում է հնարավորինս հեռու պահել իրեն Ռուսաստանից, Հայաստանը հետապնդում է երկու կողմի հետ հարաբերությունները պահպանելու ճանապարհը, իսկ Ադրբեջանը ցանկանում է և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին հեռավորության վրա պահել:
Ռուսաստանը, միևնույն ժամանակ, մտադիր է ավելի ուժեղ պաշտպանել իր բացառիկ ազդեցությունը տարածաշրջանում ուկրաինական ճգնաժամից հետո և ագրեսիվորեն առաջ է տանում ԵԱՏՄ-ն որպես ԵՄ-ի ինտեգրման հակակշիռ:
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները շատ բան է ներդրել տարածաշրջանում անցած քառորդ դարի ընթացքում, այն շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Բացի այդ, Միացյալ Նահանգները կարևոր մշակութային կապեր ունի Հարավային Կովկասի առնվազն երկու երկրի հետ՝ հայ-ամերիկյան համայնքն ընդարձակ կապեր ունի տարածաշրջանի հետ, մինչդեռ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև մշակութային և քաղաքական կապերը շարունակում են ընդլայնվել:
Անցած տարի Լեռնային Ղարաբաղում վերսկսված գործողություններն ընդգծել են տարածաշրջանային անվտանգությանը և ԱՄՆ-ի շահերին սպառնացող հակամարտության վտանգը: Ռազմական գործողությունների վերսկսումը կվտանգի խաղաղ բնակչության կյանքը, կարևոր ենթակառուցվածնքերը և կհասցնի լուրջ բնապահպանական վնաս, ինչպես նաև կազդի հարևան Վրաստանի վրա: Բացի այդ, ակտիվ գործողությունների վերսկսվելու դեպքում Ռուսաստանը և Թուրքիան անուղղակիորեն ու հնարավոր է նաև ուղղակիորեն կներառվեն դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ դրանց կապերի պատճառով։ Կախված հակամարտության ընթացքից՝ Իրանը նույնպես կարող է ներգրավվել: Հակամարտությունը կարող է ենթադրաբար դառնալ Սիրիայի հակամարտության երկրորդական թատերաբեմ:
Վերջին քառորդ դարը ցույց է տվել, որ ոչ մի առանձին ուժ, անգամ Ռուսաստանը, չի կարող գերիշխանության հասնել տարածաշրջանի նկատմամբ: ԱՄՆ-ն կարևոր շահեր ունի այնտեղ և ունի հնարավորություններ դրանք հետապնդելու համար: Ավելին, որոշ հանգամանքներում, Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը կարող են համընկնել:
Օրինակ՝ եթե Ռուսաստանը փորձի փոխադարձ ընդունելի կարգավորում բերել սառած հակամարտություններին, ԱՄՆ-ն պետք է հնարավորինս աջակցի այդ ջանքերին: Դա կարևոր կլինի երկու պատճառով՝ սառած հակամարտությունների կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի շահերին, և ԱՄՆ-ի ներգրավվածությունն այդ գործընթացին կերաշխավորի, որ Ռուսաստանը չօգտագործի այդ փաստը տարածաշրջանն իր բացառիկ ազդեցության գոտի դարձնելու պահանջն արդարացնելու համար:
Վաշինգտոնը պետք է ակտիվ փոխգործակցի Հարավային Կովկասի երեք երկրների հետ՝ աջակցելով դրանց ներքին տրանսֆորմացիան ու ինտեգրումը միջազգային համայնքին։ Դանդաղ ու կայուն խոստումները առաջվա պես մնում են լավագույն մոտեցումը Հարավային Կովկասի երկրների պահանջները ու տարածաշրջանում ԱՄՆ շահերը բավարարելու համար»,- եզրակացնում են զեկույցի հեղինակները։