211652_close_icon
views-count2487 դիտում article-date 13:16 01-06-2017

Երեւանում հունիսի 3-ին կկայանա լրագրողների միջազգային 1-ին մրցաշարը

Հունիսի 3-ին Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում կկայանա Լրագրողների միջազգային ֆուտբոլային առաջին մրցաշարը։ Մրցաշարին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր՝ Հայաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի (Հայաստան-2)։ Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տեւողությունը կկազմի 15 րոպե։ Յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ 4-րդ խաղից հետո՝ 30 րոպե։ Խաղերը կդատեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները։ Միջոցառման կազմակերպիչն է Հայկական Օն-լայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, հովանավորը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը։ Մրցաշարի մեկնարկը՝ հունիսի 3-ին, ժամը 10.30-ին «Փյունիկ» մարզադպրոցում, մուտքն ազատ է: Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում եւ անցկացվում տարբեր երկրներում։ Դրանք նպաստում են լրագրողների համերաշխության ամրապնդմանը եւ գործնական կապերի հաստատմանը։ Հայաստանի Լրագրողների ֆուտբոլի հավաքականը ձեւավորվել է 2014 թ-ին մի շարք ԶԼՄ-ների ֆուտբոլասեր աշխատակիցների կողմից, որն այս ընթացքում հասցրել է մի շարք պաշտոնական, ընկերական եւ բարեգործական մրցաշարերի եւ խաղերի մասնակցել։ Թիմում ընդգրկված են առաջատար ԶԼՄ-ների ղեկավարներ, լրագրողներ, օպերատորներ եւ այլ աշխատակիցներ։ 2016թ․ սեպտեմբերի 9-ից 11-ը Հայաստանի հավաքականը մասնակցեց Լիտվայի Լրագրողների միության կողմից Դրուսկինինկայ քաղաքում կազմակերպված Լրագրողների հավաքականների միջազգային ֆուտբոլային մրցաշարին եւ 10 թիմերի պայքարում գրավեց 3-րդ տեղը։ Մրցաշարի ավարտին կայացած ընդունելության ընթացքում մասնակից թիմերը ցանկություն հայտնեցին Հայաստան այցելելու եւ հաջորդ մրցաշարն Երեւանում անցկացնելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր