Երևանում մոտ մեկ ժամից սկսվելու է «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությունը. հավակնորդները հայտնի են
Այսօր Երևանում տեղի կունենա «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխությունը: Մարդասիրական մրցանակին հավակնում են Սուդանի 750 հազար բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը՝ Թոմ Քաթինան, Սոմալիից Ֆարթուն Ադանը և դուստրը՝ Իլվադ Էլմանը, ովքեր օգնում են սեռական բռնության ենթարկված կանանց, ինչպես նաև մանկահասակ զինվորներին, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշը, ով վերադարձել է իր ծննդավայր և բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին և Դենիս Մուկվեգեն, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:
«Ավրորա» մրցանակի դափնեկիրը Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից կստանա 100 հազար ԱՄՆ դոլար պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև 1 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
Ընտրող հանձնաժողովի կազմում են օսկարակիր դերասան և մարդասիրական գործիչ Ջորջ Քլունին, Նոբելյան դափնեկիրներ՝ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը և Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածություններից, որոնք ներկայացվել էին 66 երկրից:
Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար երեկ Հայաստան է ժամանել աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը:
Մրացնակաբաշխության արարողությունը սկսվելու է Երևանի ժամանակով 20 անց 45 րոպեից: