211652_close_icon
views-count3718 դիտում article-date 16:38 25-05-2017

Բնապահպանության նախարարությունը պահանջում է, որ ոռոգման ջրի նոր հայեցակարգը անցնի ՇՄԱԳ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց Ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին հարցը և նշեց, որ սա կլուծի համակարգում առկա խնդիրները: Նախագիծը ներկայացնելուց հետո բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը խնդրեց 2 լրացուցիչ օր տրամադրել Արդարադատության նախարարության տեսակետի և Կոմիտեի հետ քննարկման համար: Այնուհետև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ավելացրեց, թե ավելի ճիշտ կլինի ներկայացնել, թե որն է խնդիրը և ասաց. «Բնապահպանության նախարարությունը պահանջում է, որ այս հայեցակարգն անցնի ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական): Մենք քննարկել ենք կոմիտեում այս հարցը, հանձնարարել ենք Արդարադատության նախարարությանը ներկայացնել իրենց տեսակետը, թե արդյոք պետք է, որ այս հարցն անցնի ՇՄԱԳ: Մեր կարծիքով՝ բացարձակապես դրա կարիքը չկա, որովհետև չի համարվում օրենքով նախատեսված հիմնադրույթային փաստաթուղթ՝ ջրային տնտեսության բնագավառին վերաբերող»: Դավիթ Հարությունյանն ավելացրեց նաև, որ Արդարադատության նախարարությունն էլ է նման որոշում ընդունել: Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ 6 ամիս ժամկետ է տրամադրվելու միջոցառումների կատարման համար, ու սա բավական ժամանակ է այդ փորձաքննության անցկացման համար: Նա նշեց, որ օրենքի շրջանակներում էլ պիտի այդ փորձաքննությունն անցկացվի, ու սա օգտակար կլինի: Վարչապետը համաձայնեց 2 օր ժամանակ տալ կառուցողական և գործնային որոշում ընդունելու համար: «2 օրը չի նշանակում, որ ՇՄԱԳ-ով անցնելու է»,- ասաց վարչապետը: Այնուհետև տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն առաջարկեց, որ Արդարադատության նախարարությունն էլ անդրադառնա այս հարցին, քանի որ ըստ օրենքի՝ բոլոր փաստաթղթերն էլ պիտի անցնեն ՇՄԱԳ-ով: Արծվիկ Մինասյանն այդպես է սահմանում, իսկ վարչապետն արձագանքեց. «Օրենքը տարբեր մարդիկ տարբեր կերպ են կարդում, թող Արդարադատության նախարարությունն էլ կարդա, որ բոլորը նույն ձևով կարդան»:

Նմանատիպ նյութեր