Այսօր աշխարհում նշում են Կենսաբանական բազմազանության համաշխարհային օրը
1992թ.-ի մայիսի 22-ին ստորագրվել է Կենսաբանական բազմազանության միջազգային համաձայնագիրը։ 2000 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշեց այդ օրը հռչակել Կենսաբանական բազմազանության միջազգային օր՝ միաժամանակ անհանգստություն հայտնելով Երկիր մոլորակում կենսաբանական բազմազանության հետզետե կրճատման վերաբերյալ, իսկ 2010 թվականը ՄԱԿ-ը հայտարարեց որպես «Կենսաբազմազանության միջազգային տարի»:
Աշխարհի շատ երկրների կառավարություններ ու հասարակական կազմակերպություններ այդ օրը կազմակերպում են հատուկ միջոցառումներ մեր կյանքում կենսաբազմազանության կարևորության վերաբերյալ՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության ըմբռնման ու տեղեկացվածության մակարդակը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1993թ. ստորագրել է Կենսաբանական բազմազանության մասին միջազգային կոնվենցիան (ԿԲՄԿ):
Հայաստանի կողմից ԿԲՄԿ-ն իրականացնելու միտվածությունը ցուցադրվում է բնապահպանական օրենսդրության շարունակական բարեփոխումներով ու ներդաշնակեցմամբ, ինչպես նաև ենթաօրենսդրությունն ու կանոնակարգերը համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին:
Վավերացված միջազգային համաձայնագրերի իրականացման մեխանիզմների մշակումը համարվում է կարևոր ուղղություններից մեկը: