211652_close_icon
views-count3139 դիտում article-date 10:47 19-05-2017

Ներեցեք, ես սովոր եմ իմ մատնահետքերը թողնել միայն դաշնամուրի ստեղնաշարի վրա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մայիսի 26, 27, 28-ին «Ավրորա» մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացնում է միջոցառումների շարք: Հրաշալի գործ են անում կազմակերպիչները, այն բարձր է պահում մեր ազգի պատիվը՝ ցույց տալով, որ մենք` հայերս, դավանում ենք համամարդկային հումանիտար արժեքների: Ես էլ ստացա հրավեր՝ մասնակցելու այդ միջոցառումներին և նույնիսկ մտածում էի մասնակցել դրանցից մեկին: Բայց… Սովորաբար, երբ նման հրավեր եմ ստանում, ինձ ուղարկում են հրավիրատոմս, որը ես վերցնում եմ հետս և մուտքի մոտ ցույց եմ տալիս: (Եթե կա անվտանգության հետ կապված խնդիր, ապա մուտքի մոտ մետաղորսիչ են դնում, ինչը նորմալ եմ համարում): Բայց այստեղ շատ ավելի բարդ ընթացակարգ էր: Միջոցառումներին մասնակցելու համար ես պետք է լրացնեմ մի ամբողջ հարցաշար, որը մոտ է այն հարցաշարին, որն անհրաժեշտ է լրացնել դեսպանատներում շենգենյան վիզա ստանալու համար: Նախ՝ այդ փաստաթուղթը ես պետք է լրացնեմ անգլերեն՝ հավանաբար, ենթադրվում է, որ միջոցառման բոլոր հյուրերը անգլիախոս են: Հարցաթերթիկի բովանդակությունը հետևյալն է. «տիտղոս» (իսկ եթե ես դուքս կամ կոմս չե՞մ), անուն, ազգանուն, հայրանուն, նախընտրելի էլ.հասցե, ծննդյան թիվ, անձնագրի համար, վավերական է մինչև... Եվ այստեղ հարց է առաջանում՝ եթե ես այդքան կասկածելի անձ եմ, որ կարող եմ ներկա լինել միջոցառումներին՝ միայն իմ անձնագրի տվյալները թողնելով, ապա գուցե չարժե՞ր ինձ հրավիրել: Իսկ եթե ես անձնագրի կեղծ տվյալներ ներկայացնեմ, ի՞նչ է, ոստիկանությա՞մբ են դրանք ստուգելու: Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես կարծում եմ, որ մարդասիրությունը ենթադրում է նաև շփման մեջ պարզություն, դեմոկրատիզմ, մատչելիություն: Եթե այդ մրցանակաբաշխության միջոցառումներին ավելի դժվար է մասնակից դառնալ, քան հանդիպել հանրապետության նախագահի հետ, եթե բյուրոկրատական ընթացակարգերն այդքան բարդ են, ապա ավելի լավ է՝ այդ նախաձեռնություններն իրականացվեն միայն միջազգային «արիստոկրատիայի» համար և ոչ թե սովորական մարդկանց: Չեմ բացառում, որ դա միջազգայնորեն ընդունված ձև է: Բայց ոչ բոլոր միջազգայնորեն ընդունված ձևերն են լավը: Կրկնեմ՝ ես մտադիր չեմ վարկաբեկել մրցանակաբաշխությունը և «Ավրորայի» գաղափարը: Շատ ողջունելի նախաձեռնություն է: Պարզապես դրա շուրջը ինչ-որ շղարշ ստեղծելը՝ ինչ-որ լրատվամիջոցներին բացառիկ իրավունքներ տալը և մասնակցության համար ինչ-որ բյուրոկրատական ընթացակարգեր հորինելը՝ այդ ամենը, ինձ թվում է, հակասում է բուն գաղափարին: ... Մեր ժամանակների ամենանշանավոր դաշնակահարներից մեկը՝ Գրիգորի Սոկոլովը (ի դեպ, Կոմիտասի դաշնամուրային երկերի անզուգական կատարող), ինչ-որ մի օդանավակայանում ինքնաթիռ նստելու համար պետք է մատնահետք հանձներ: Սոկոլովը հրաժարվեց՝ ասելով. «Ներեցեք, ես սովոր եմ իմ մատնահետքերը թողնել միայն դաշնամուրի ստեղնաշարի վրա»: Ու չթռավ: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր