Երկրապահը դարձյալ Արցախում է
ԵԿՄ եռասերունդ պատվիրակությունն Արցախում ակտիվորեն մասնակցեց Շուշիի ազատագրման օրվա եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման 25-ամյակի միջոցառումներին: Երկրապահական երթն Արցախում, սակայն, շարունակվում է, քանի որ հենց Երկրապահն է եղել բանակի ծնողը:
Երկրապահի մի քանի հարյուր հոգւց բաղկացած խմբերն Արցախի բոլոր վարչական շրջաններում, բոլոր շեներում տոնական միջոցառումներ են անցկացնում: Երկրապահ ուխտագնացներն արդեն եղել են Շուշիում, Ստեփանակերտում, վաղը կլինեն Մարտակերտի բոլոր գյուղերում եւ շրջկենտրոն Մարտակերտում։ Իսկ այսօր երկրապահները շրջեցին Հադրութի տարածքի բնակավայրերով։ Մասնավորապես հուշարձանի բացում էր Հադրութի Էդիլվա ձորակի Ակնաղբյուր գյուղում:
Ստորեւ ներկայացնում ենք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ելույթն այդ միջոցառման ժամանակ:
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԽՈՍՔՆ ԱԿՆԱՂԲՅՈՒՐՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հարգելի՛ ակնաղբյուրցիներ, Էդիլվա ձորակի իմ շատ սիրելի՛ ժողովուրդ, հադրութցինե՛ր, արցախցինե՛ր, մարտական ընկերնե՛ր, եռասերունդ երկրապահնե՛ր Հայաստանի բոլոր բնակավայրերից, աշխարհասփյուռ հայ ազգ.
Ջերմորեն շնորհավորում եմ ամենքիս Երկրապահի օրվա, Շուշիի ազատագրման օրվա, Մեծ Հայրենականում տարած հաղթանակի օրվա եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ:
Շնորհավորում եմ բոլորիս նաեւ Ակնաղբյուրում այս հոյակերտ հուշարձանի բացման կապակցությամբ: Էդիլվա ձորակը, Ակնաղբյուր գյուղը կարեւոր նշանակություն են ունեցել 1989-94-ի Արցախյան հաղթամարտում: Ինքս մարտական կենսագրությունս սկսել եմ հենց այս ձորակից, հենց այս գյուղերի պաշտպանությունից եւ շատ լավ եմ ճանաչում ձորակի քաջարի ժողովրդին, հերոսական ակնաղբյուրցիներին: Այս տարածքը, այս հողի ժողովուրդը հարազատ են ինձ:
Այս ձորակը Արցախյան պատերազմին հերոս հրամանատարներ եւ մարտիկներ է տվել, նաեւ՝ պետական լուրջ գործիչներ՝ Արթուր Մկրտչյան, Կամո Աղաջանյան, Խորեն Հովսեփյան, մեր սիրելի Պավլուշը, գյուղապետ Արթուրը, Լյովան, Յուրան, ձյաձ Գենրիխը, Գառնիկը, Նավասարդյանը եւ այդպես շարունակ: Բոլոր ակնաղբյուրցիներն էլ հերոսներ են, քանզի այստեղ ապրելով իսկ ամրացնում են մեր սահմանը, երաշխավորում են մեր անվտանգությունը: Մենք երկրապահական ուխտագնացությունների ժամանակ պարտադիր լինում ենք ձորակում, այստեղից ուժ եւ էներգիա ենք ստանում: Մեզ գոտեպնդում են մեր նահատակ մարտական ըևնկերների հոգիները: Եվ այս հուշարձանը, նմանատիպ հուշարձանները մեր ազատագրական պայքարի խորհրդանիշն են, մեր նահատակ ընկերների անմահության ապացույցն են: Մեր պատանի, երիտասարդ երկրապահներն էլ կրթվում, դաստիարակվում են հանուն հայրենիքի կյանքը չխնայած քաջերի օրինակով:
Ես ուրախ եմ, որ այսօր ձորակում կյանքը շարունակվում է, որ Ակնաղբյուրում մարդիկ ապրում, աշխատում եւ արարում են: Մի քանի օրից դպրոցական վերջին զանգը կհնչի, կսկսենք նախապատրաստվել սեպտեմբերի 1-ին: Իսկ Գիտելիքի օրվա նախօրեին դարձյալ այս ժողովրդին այցելելը, առաջին դասարանցիներին գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներով ապահովելը Երկրապահն իր պարտքն ու պարտականությունն է համարում: Երկրապահական եռասերունդ ընտանիքը միշտ սահմանաբնակ մարդկանց հետ է: Վստահ եղեք, որ անհրաժեշտության դեպքում Երկրապահը կկանգնի ձեր կողքին՝ ինչպես 1989-94 թվականներին էր, ինչպես նախորդ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ էր:
Մեկ անգամ էլ ընդունեք շնորհավորանքներս, հիշեք, որ միասին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Միասին կայացնելու ենք մեր երազանքների Հայաստանը, մեր երազանքների Արցախը, Հադրութը, Էդիլլուն, Ակնաղբյուրը:
Խաղաղություն մեր ազգին, եւ Աստված պահապան ամենքիս:
[b]ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ [/b]