1943 դիտում
15:22 31-05-2014
Երկրապահը խստորեն կպատժի երկիր ծախելու մտադրություն ունեցող ցանկացած մեկին` ով էլ նա լինի
Երկրապահը միշտ եղել եւ մնում է կառույց, որից սարսափում է արտաքին թշնամին, կառույց, որին առանց երկար-բարակ մտածելու կարող է վիրավորել, քննադատել հայ մարդը, սակայն որը միշտ էլ պատրաստ է արտաքին ոտնձգություններից պաշտպանել երկիրը, հայրենիքը, բոլոր հայերին, նաեւ` իրեն քննադատողներին ու նրանց ընտանիքներին:
ԵԿՄ վարչության նախագահի մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանից հետաքրքրքվեցինք, թե ինչպես են ԵԿՄ-ում վերաբերվում մամուլում տեղ գտած այն այն որակմանը, թե երկրապահը վաղուց դարձել է երկրածախ: «Ցավում եմ, որ մամուլը նման գռեհիկ արտահայտություն է իրեն թույլ տվել: Երկրապահ կամավորականների միությունում այն քաջերն են, ովքեր գնալով մահին ընդառաջ` հաղթել են մերօրյա ազատամարտում, ազատագրել են հայրենի տարածքներ, խաղաղություն են պարտադրել մեզ պատերազմ պարտադրած ոսոխին: ԵԿՄ-ում այսօր հայի լավագույն տեսակն է հավաքված՝ տարբեր ոլորտների մասնագետներ, մտավորականներ, գիտնականներ, արվեստագետներ, արհեստավորներ, մարդիկ, որ օրվա 24 ժամն էլ մտածում են երկրին, հայրենիքին, ժողովրդին պիտանի լինելու մասին: Երկրապահը հայ մարդն է: Սա հայ ազգի կառույց է: Մի քանի տարի անց հասնելու ենք այն իրողության, որ աշխարհի բոլոր հայերը, անկախ քաղաքական կողմնորոշումից, քաղաքական հայացքներից, կոչվեն երկրապահ, հպարտորեն իրենք իրենց երկրապահ անվանեն: Երկրապահ կոչվելու իրավունքից զրկված կլինեն միայն դավաճաններն ու երկրածախները»,- ասաց Վարդան Վարդանյանը:
«Հատուկ թերթի խմբագրապետի համար ասեմ, որ մեծ հայ էր հայրենասեր եւ երկրապահ Հրանտ Մաթեւոսյանը: ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ամեն առիթով հպարտորեն պատմում է Մաթեւոսյանի հետ իր մտերմության մասին: Տեղին չեմ համարում այստեղ մեջբերել այն մեծարանքի խոսքերը, որ ասել է Հրանտ Մաթեւոսյանը Երկրապահի եւ անձամբ Մանվել Գրիգորյանի մասին կամ այն հարգանքի խոսքերը, որ Մաթեւոսյանի մասին երկրապահներն ու Մանվել Գրիգորյանն են ասել: Մաթեւոսյանին երկրապահ էին համարում ԵԿՄ անդամներն ու ղեկավարը, Մաթեւոսյանն ինքն էլ համոզված էր, որ երկրապահ է: Լավ կլինի, որ մարդիկ, թեկուզ եւ սեփական թերթ ունեն, բայց խոսելուց առաջ մի քիչ մտածեն, թե ում են փորձում իրենք վիրավորել, ում կարող է ուղղված լինել իրենց խոսքը: Չարժի վիրավորել ազգին՝ հայությանը՝ մեր ծնողներին, մեծություններին, հանճարներին»,- նշեց Մանվել Գրիգորյանի խորհրդականը:
Նա անեւ ընդգծեց, որ հրապարակման մեջ ակնարկ է արվում, թե «Երկրապահն այսօր իշխանության կցորդ է»: «Բայց հարկավոր չէ պետական կառույցների հետ գործակցությունը շփոթել իշխանության կցորդի կարգավիճակի հետ: ԵԿՄ-ն իր էությամբ, իր առջեւ դրված խնդիրներով պարզապես պարտավոր է համագործակցել ՀՀ նախագահի, պաշտպանության, կրթության, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարությունների, այլ գերատեսչությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ: ԵԿՄ-ն պարտավոր է հոգ տանել զոհված, անհայտ կորած, հաշմանդամ եւ երկրապահ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական, բուժման, աշխատանքի տեղավորման, իրավական խնդիրների մասին: Այս ծիրում ԵԿՄ-ն շարունակ պարտավոր է գործակցել վերը նշված մարմինների հետ, պարտավոր է շարունակ դիմել տարբեր կառույցների. խնդրել, եթե հարկավոր է, պահանջել: Այս բնույթի համագործակցություն պետության հետ պետք է լինի միշտ եւ բոլոր իշխանությունների ժամանակ: Այստեղ էական չէ` ով է իշխանություն»,- նկատեց Վարդան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ԵԿՄ-ն չի կարող հետամուտ չլինել կանոնադրական, ծրագրային դրույթների իրագործմանը: «ԵԿՄ-ն այսօր ահռելի աշխատանք է տանում պատանի եւ երիտասարդ սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակման ուղղությամբ: ԵԿՄ-ում փաստացի թրծվում են բանակի համար պատրաստի կադրեր, հայրենիքի համար լիարժեք քաղաքացիներ, ովքեր գիտեն եւ զենքին տիրապետել, եւ մարտարվեստի են տիրապետում, եւ առաջավոր են ուսման մեջ, եւ հայոց պատմություն գիտեն, եւ ազգային մշակույթին են տիրապետում, նաեւ հայրենաճանաչման լուրջ դպրոց են անցել, եղել են Հայաստանի, Արցախի ամեն մի անկյունում, հրաշալի ճանաչում են հայրենիքը` սահմանամերձ բոլոր բնակավայրերով: Ես ասացի, որ մեր պատանի տղաներն ու աղջիկները զենքի հետ էլ գործ ունենում են, որովհետեւ մեր այս տարածաշրջանում չենք կարող ռազմարվեստին պատրաստ կադրերի մասին չմտածել: Մենք, իբրեւ խաղաղասեր ժողովուրդ, պարտավոր ենք միշտ պատրաստ լինել պատերազմի: Կարելի՞ է, որ նման կառույցը չգործակցի պետության հետ»,- հարցրեց նա: Իսկ ինչ վերաբերում է երկիր ծախելուն, նշեց, որ ԵԿՄ-ն երբեւէ կասկածելու հիմք չի տվել, թե կարող է դավաճանական կեցվածք ունենալ, կարող է աջակցել երկրի, պետության, հայրենիքի դեմ ուղղված որեւէ ձեռնարկի, ում կողմից էլ դա լինի: Հայրենիք ծախողը, երկիր ծախողը, մանավանդ` Արցախը ծախողը երկրապահի համար թուրք է: Երկրապահը խստորեն կպատժի երկիր ծախելու մտադրություն ունեցող ցանկացած մեկին` ով էլ նա լինի:
«Մեկ անգամ էլ ասեմ` մի փոքր մտածեք արտահայտվելուց առաջ: Մտածեք գոնե ինքներդ ձեզ, ձեր հարազատներին չվիրավորելու համար»,- խորհուրդ տվեց Մանվել Գրիգորյանի խորհրդականը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
913 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
691 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու