211652_close_icon
views-count2776 դիտում article-date 11:13 10-05-2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել արաբկիրցիների հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: Քաղաքային կառավարման գործընթացում առանձնակի կարևորելով հնի և նորի համակցումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանությունների համար: Մասնավորապես, Երևանի գործող քաղաքապետը հատկանշել է տարբեր ժամանակներում մայրաքաղաքում կառուցված շինությունների և հանգույցների համապատասխանեցումը ժամանակակից ու մատչելի քաղաքի պահանջներին: «Այս տեսանկյունից անցած 4 տարիների ընթացքում մենք նախաձեռնեցինք մի շատ կարևոր ծրագիր, որի նպատակն էր զարգացող մեր քաղաքը հարմար դարձնել նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող մեր բնակիչների համար: Գաղտնիք չէ, որ դեռ խորհրդային տարիներից այս իսկապես լուրջ խնդրին երբևէ պատշաճ ուշադրություն չէր դարձվել: Մինչդեռ, եթե քաղաքը հարմար է տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացու համար, ուրեմն վստահ կարող ենք ասել, որ այն հարմար է բոլորիս համար: Հենց այս գիտակցումով էլ անցած 4 տարիների ընթացքում մայրաքաղաքի փողոցներում և հանրային վայրերում կառուցվեցին շուրջ 2000 թեքահարթակներ: Արդեն 25 ավտոբուսներ հարմարեցված են բնակչության սակավաշարժ խմբերի համար»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հանրային 2 այգիներում ևս արդեն առկա են ներառական խաղահրապարակներ: Պիլոտային ծրագրով կառուցվել է նաև վերելակներով հարմարեցված մեկական վերգետնյա և ստորգետնյա անցում: Սա միայն մի մասն է կատարած այն աշխատանքի, որի նպատակը եղել է Երևանը հնարավորին հարմար դարձնել բոլոր բնակիչների համար: Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Հանուն մատչելի Երևանի ծրագիրը ևս ուղղված է բոլոր այն հիմնախնդիրների լուծմանը, որոնց հետ այսօր մայրաքաղաքում առնչվում են տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիները: «Երևանը բոլորի համար պետք է հավասարապես հարմար լինի ոչ միայն ապրելու և աշխատելու, այլև սովորելու, հանգստանալու, շփվելու համար, ինչը մենք շարունակաբար ապահովում ենք նաև քաղաքային հարմարավետ կահավորանքի ավելացմամբ։ Այս շարքում են մեր բոլոր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից շատ սիրված նորաոճ նստարաններն ու Երևանի կահավորանքի մնացած բոլոր նորաոճ պարագաները»,- նշել է Տարոն Մարգարյանը: Խոսելով ձեռքբերումների մասին Տարոն Մարգարյանը նկատել է, որ, անշուշտ, դրանք շատ են և, որ ամենակարևորն է, դրանք բոլոր ուղղություններով անպայման լինելու են շարունակական: Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա ծրագրում, որն այսօր թիմը ներկայացնում է բնակիչներին որպես նախընտրական ծրագիր, իր մեջ ներառել է առաջնահերթ լուծում պահանջող բոլոր այն խնդիրները, որոնք այս տարիների ընթացքում՝ հենց նրանց հետ անմիջական շփումներ ունենալով, գույքագրվել և պատրաստ է լուծման: «Այս տարիների ընթացքում դուք շատ առիթներ ունեցա՛ք համոզվելու, որ մեր թիմը դժվարություններից չի՛ խուսափում և լուծում է թե՛ առօրյա խնդիրները, և թե՛ նախաձեռնում ու հետևողականորեն լուծումներ է տալիս տասնամյակների կուտակված խնդիրներին: Ու ես վստա՛հ եմ, որ երևանցիները, մայիսի 14-ին իրենց վստահության քվեն կտան փորձառու և բանիմաց թիմին, որպեսզի այս թիմը կարողանա շարունակել բոլոր այն ծրագրերը որոնք ուղղված են Հանու՛ն ապագայի, Հանու՛ն երեխաների և Հանու՛ն մատչելի Երևանի»,- ընդգծել է Երևանի գործող քաղաքապետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր