211652_close_icon
views-count2764 դիտում article-date 11:44 06-05-2017

Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ: Էրեբունցիներին ներկայացնելով անցած տարիների ընթացքում «Ավելի լավ Երևան» ծրագրի շրջանակում կատարած աշխատանքները՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն, ինչն արվել է այս տարիների ընթացքում, հնարավորություն է տվել երևանցիներին հասկանալու, որ Երևանի ավագանու այս թիմն օր ու գիշեր աշխատելով, բնակիչների հետ միասին, արեց ամեն ինչ, որ Երևանը զարգանա համաչափ, դառնա ավելի բարեկարգ ու հարմարավետ: Այսօր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առկա են բարեկարգված հազարավոր բակեր, նոր կառուցված խաղահրապարակներ, բազմաբնակարան շենքերի նորոգված տանիքներ ու մուտքեր, վերանորոգված ու անհրաժեշտ գույքով և պայմաններով ապահովված կրթական և մշակութային հաստատություններ: «Շատ երկար կարելի է թվարկել անցած 4 տարիներին տարբեր ուղղություններով իրականացված բոլոր այն աշխատանքները, որոնք որոշակիորեն բարելավել են մեր բնակիչների առօրյա միջավայրը: Բայց դեռ շատ անելիքներ էլ մնացել են, քանի որ տասնամյակներ շարունակ կուտակված բոլոր խնդիրներին ընդմենը 4 տարում լուծումներ տալը ուղղակի հնարավոր չէր և դա բոլորն են հասկանում: Բայց կատարած աշխատանքների ծավալները տեսնելով ու հաճախ նաև դրանց իրականացմանն աջակցելով և մասնակցելով, վստա՛հ եմ, դուք համոզվեցիք, որ մեր թիմը բանիմաց է, սրտացավ, ունի՛ բավարար կամք և վճռականություն՝ հաղթահարելու դժվարություններն ու կյանքի կոչելու հավակնոտ ծրագրեր»,- նշել է Տարոն Մարգարյանը: Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը՝ խոսելով մայրաքաղաքի առաջիկա հինգ տարիների զարգացումն ապահովող Հանուն Երևանի ծրագրի մասին, վստահեցրել է, որ նախանշված բոլոր այդ ծրագրերը ևս կյանքի են կոչվելու ամբողջությամբ՝ ապահովելով Երևանի աստիճանական զարգացման շարունակականությունը: «Այս տարիների ընթացքում բազում առիթներ եք ունեցել նաև համոզվելու, որ մենք ոչ թե խոսքի, այլ գործի՛ կողմնակիցն ենք: Մեզ համար առաջնահերթը եղել և մնում է մեր բնակչի հոգսը հնարավորին թեթևացնելը, նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելն ու օժանդակելը, այլ ոչ թե հոգսի մասին անընդհատ խոսելն ու ոչինչ չանելը: Մեր թիմը մի՛շտ է եղել հոգածության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների կողքին: Անցած 4 տարիների ընթացքում կազմակերպված առողջապահական ակցիաների շրջանակում անվճար հետազոտություններ և բուժում են ստացել մեր տասնյակ հազարավոր համաքաղաքացիներ: Սոցիալապես անապահով տասնյակ հազարավոր ընտանիքներ էլ եղել են մեր մշտական հոգածության ներքո և հասցեական աջակցություն են ստացել»: Երևանն այսօր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ճանաչվում է որպես մատչելի և առավել հարմարավետ քաղաք, ուր խորհուրդ է տրվում անպայման այցելել, նշել է Երևանի գործող քաղաքապետն ու նկատել, որ արվելու է հնարավորը, որպեսզի Երևանի ձեռքբերված համբավը պահպանվի: «Զբոսաշրջությունը խթանելու նպատակով նոր ենթակառուցվածքների և համապատասխան միջավայրի ստեղծումը մեզ համար առաջնահերթություն է, ինչը մենք նախատեսում ենք իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում: Այդ շարքում, բնականաբար, առաջիններից մեկը «Էրեբունի» արգելոց-թանգարանն է, որը մեր 2800-ամյա քաղաքի պատմության կանգուն վկայությունն է: Եվ Երևանն աշխարհում առավել ճանաչելի դարձնելու և մեր հնագույն քաղաքի պատմությունն աշխարհին լավագույնս ներկայացնելու նպատակով, առաջիններից մեկը մենք կյանքի կկոչենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Շենգավիթ ու Կարմիր բլուր հնավայրերի վերակառուցման ծրագրերը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ դրանց կյանքի կոչման արդյուքնում, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների շնորհիվ, մեր քաղաքի հազարամյակների պատմությունն իսկապես լիարժեք կներկայացվի: «Սիրելի էրեբունցիներ վստահեք ա՛յն թիմին, որը ձե՛ր խորհուրդներով, ձե՛ր աջակցությամբ և ձե՛զ հետ միասին այս տարիների ընթացքում ապահովել է Երևանի զարգացումը: Ու ես համոզվա՛ծ եմ, որ մենք միասին կշարունակե՛նք մեր համատեղ աշխատանքը Հանուն Երևանի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր