Արտակարգ իրավիճակ Երևանում. ոռոգման ջրի «մագիստրալի» վնասման պատճառով կա վտանգ, որ Մալականի այգում՝ Հրազդանի կիրճում, սողանք է առաջանալու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալականի այգու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում Մալականի այգու հարևանությամբ գտնվող սեփական տան բակով անցնող ոռոգման ջրի խողովակի վնասման պատճառով հոսող ջուրը դուրս է ժայթքել և վերևից ուժեղ հոսում է դեպի գլխավոր ճանապարհը՝ իր հետ բերելով հսկայական քարեր ու ցեխ։
Վտանգն այնքան լուրջ է, որ չի բացառվում՝ տեղի ունենան նաև քարաթափում և փլվածք։
Այս պահին տեղում են միայն Արտակարգ իրավիճակների  նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ խումբը՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պատասխանատու հերթապահ, Փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի  ծառայողները։
Իրավիճակի մասին ԱԻՆ ՓԾ-ից արդեն տեղեկությունը փոխանցել են համապատասխան մարմիններին, այդ թվում՝Երևանի քաղաքապետարանին, Արաբկիր վարչական շրջանին, Ջրմուղին և այլ ընկերություններին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


