211652_close_icon
views-count2891 դիտում article-date 11:09 05-05-2017

Տարոն Մարգարյանին վիրավորելը չի ընկալվում որպես հերոսություն. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Որքան էլ ասվի, որ Երևանի ավագանու ընտրությունները նույնպես քաղաքական են, որովհետև դրան մասնակցում են քաղաքական ուժերը (և դա, իհարկե, ճիշտ է), միևնույն է՝ խորհրդարանական քարոզարշավը պետք է մարտավարական առումով տարբերվի ավագանու քարոզարշավից: Խորհրդարանական ընտրություններում թիրախը Սերժ Սարգսյանն էր (ի հեճուկս այն հանգամանքի, որ նա չէր առաջադրվել), և մեր քաղաքացիներից շատերի գնահատմամբ՝ նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ անելը խիզախության և չափազանց ընդդիմադիր լինելու նշան է: ԱԺ ընտրարշավի ժամանակ ընդդիմադիր թեկնածուները գնում էին հեռուստաընկերություններ, իրենց ուզածն ասում էին և վերջում էլ հաճախ ավելացնում՝ «ի դեպ, մեզ մոտ բռնապետություն է, ու խոսքի ազատությունն ամենադաժան կերպով ճնշվում է»: Մեր հասարակական կազմակերպություններն էլ այդ ոգով զեկույցներ են գրում «Ֆրիդոմ հաուսին» ու մնացածներին և շատ ուրախանում այդ միջազգային կառույցների կոշտ գնահատականների վրա, որոնք իրենց համար հետագա գործունեության ասպարեզ են բացում: Երևանի ավագանու ընտրարշավում նախ՝ բռնապետությունից չես բողոքի, իսկ երկրորդ՝ Տարոն Մարգարյանին վիրավորելը չի ընկալվում որպես հերոսություն: Երբ մարդիկ տեսնում են, որ 10-րդ կամ 20-րդ անգամ հնչած հայհոյանքը որևէ արձագանքի չի արժանանում (ի դեպ, նույնկերպ վարվում էր նաև Անդրանիկ Մարգարյանը), նրանք սկսում են կասկածել՝ իսկ արդյո՞ք հայհոյելն այդքան վտանգավոր է: Մի խոսքով՝ ավագանու ընտրությունների պարագայում նույն սրությունը չի պահանջվում: Էլ չասած, որ երբ սկսում ես աջուձախ բոլորին «քլնգել», ապա մտնում ես այդ ոճի մեջ և ակամա հարվածում ես քո ընկերներին և քո բարին կամեցողներին: Բռնապետության և ժողովրդավարության խնդիրն այս ոճով գուցեև լուծվում է, բայց քաղաքային տրանսպորտի և վթարային շենքերի ամրացման հարցը, ենթադրում եմ, չի լուծվում: Այստեղ պետք է ավելի մանրակրկիտ, ավելի պրակտիկ մասնագիտական մոտեցում, որը հիմնված է հաշվարկների վրա: Քաղաքի տնտեսության պարագայում հնարավոր չէ պարզապես ասել՝ «ես ծանոթ շեյխ ունեմ, նա միլիարդներ կներդնի»: Որովհետև միլիարդներից առաջ (եթե դրանք նույնիսկ կան) պետք է իմանաս, թե ինչ տրանսպորտային համակարգ ես ուզում ստեղծել քաղաքում: Դա մի ամբողջ գիտություն է, որը խոր գիտելիքներ և ուսումնասիրություններ է պահանջում: …Չէ, քաղաքի ավագանու ընտրությունների պարագայում թարմ մոտեցումներ են անհրաժեշտ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր