211652_close_icon
views-count5883 դիտում article-date 23:10 02-05-2017

Քննարկվել են իրավաբանական անվճար օգնության տրամադրման մանրամանսեր

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է Վաշինգտոնի Legal Aid Society կազմակերպության իրավաբանական տնօրեն Չին Լիին: Հանդիպմանը հյուրի խնդրանքով Պալատի նախագահը ներկայացրել է Հայաստանում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու օրենսդրությանը և գործող պրակտիկային առնչվող մանրամասներ: Անդրադառնալով իր կազմակերպությանը՝ Չին Լին նշել է դրա ստեղծման նպատակները, քաղաքացիական գործերով Pro Bono (կամավոր անվճար) ծառայություններ մատուցելու ձևավորված ավանդույթները և փաստաբանական գրասենյակների հետ համագործակցության եղանակները: Ներկայացնելով նահանգային և դաշնային մակարդակներում իրավական անվճար օգնության առանձնահատկություններն ու տարբերությունները՝ Չին Լին անդրադարձել է բոլոր համակարգերին հատուկ օրինաչափություններին ՝ նշելով, որ կամավորության սկզբունքով իրավական ծառայություններ մատուցելը փոխշահավետ է փաստաբանական գրասենյակների, անհատ փաստաբանների և այդ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների համար: Նա տեղեկացրել է, որ Pro Bono ծառայություններ մատուցած և դրանք ֆինանսավորած փաստաբաններն ու փաստաբանական գրասենյակները հաշվետու են Ամերիկայի փաստաբանների միությանը և տարեկան կտրվածքով այս ուղղությամբ տարվող իրենց աշխատանքների, ժամերի քանակի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում Ամերիկայի փաստաբանների միությանը: Հետագայում փաստաբանների աշխատանքը սանդղակավորվում և զետեղվում է Ամերիկայի փաստաբանների միության պաշտոնական կայքում: Պատասխանելով մեր երկրի փաստաբանության ոլորտին առնչվող հարցերին՝ Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ՀՀ ազգային ժողովում է գտնվում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում լրամշակված և բարեփոխված են անվճար իրավական օգնության տրամադրմանն առնչվող դրույթները: Նա նշել է, որ նախագծում ներառվել են Հանրային պաշտպանի գրասենյակին զուգահեռ անվճար իրավական օգնության նոր մեխանիզմներ, որոնց կյանքի կոչելու դեպքումփաստաբաններին կամավոր անվճար իրավական օգնության մղելու հիմքեր են նախանշվելու: Հանդիպմանը քննարվել են նաև Միացյալ Նահանգներում հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությանը, տարեկան գործերի քանակին, որակի չափելիությանն առնչվող հարցեր: Չին Լին հանդիպել է նաև Փաստաբանական դպրոցի տնօրենին և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմին: ՀՀ ՓՊ մամուլի կենտրոն

Նմանատիպ նյութեր