211652_close_icon
views-count2471 դիտում article-date 11:35 29-04-2017

Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպում է անցկացրել Կենտրոնի բնակիչների հետ

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ: Խոսելով Հանուն Երևանի ապագայի ծրագրի մասին, որն առաջիկա 5 տարիներին ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպատակ ունենալով նաև աստիճանական զարգացմանը զուգահեռ հնի ու նորի համադրմամբ պահպանել Երևանի դիմագիծը: «Առաջիկա 5 տարվա մեր ծրագրերում է նախ և առաջ «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը կօժանդակի փոքր կենտրոնի դիմագծի պահպանմանը։ Այս օրենքի ընդունումով առավել կխստացնենք մայրաքաղաքի փոքր կենտրոնում կառուցապատումների իրականացումն ու կսահմանենք հստակ չափորոշիչներ: Քաղաքաշինական բոլոր այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն փոքր կենտրոնում, նախ բազմակողմանի և խորը կուսումնասիրվեն, որից հետո միայն կտրվեն համապատասխան շինթույլտվությունները: Այս օրենքի ընդունումով կապահովվի նաև փոքր կենտրոնի կառուցապատման ծրագրերի հետ կապված որոշումների կայացմանը հանրության լիարժեք մասնակցությունը, ինչն առանձնակի է կարևորված մեր կողմից: Համոզվա՛ծ եղեք, որ շինթույլտվություններ կտրամադրվեն միայն այն նախագծերին, որոնք բազմակողմ խորը ուսումնասիրությունից հետո կարժանանան մեր բնակիչների հավանությանը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հնի ու նորի համադրմամբ, պահպանենք մեր քաղաքի դիմագիծը և շարունակենք Երևանը միջազգային չափանիշներին համապատասխան մայրաքաղաք դարձնելու մեր ծրագրերը: Այդ համատեքստում է նաև «Հին Երևան» նախագծի հիման վրա Երևանի պատմաճարտարապետական միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրի իրականացումը, որը կյանքի կկոչվի առաջիկա տարիներին»,- նշել է Տարոն Մարգարյանը: Առանձնակի կարևորելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության ընդլայնումը, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նշել է, որ վերջին տարիներին այն իսկապես եղել է արդյունավետ ու հաջողված: «Անցած 4 տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց շարքում եղել են նաև մասնավորի հետ համագործակցված ծրագրեր: Հենց Կենտրոնում վերջիններից մեկը «Վերնիսաժի» տարածքի բարեկարգումն ու արդիականացումն էր, որն այսօր պատշաճ և ներկայանալի տեսք է ստացել ու դարձել է նաև յուրովի հանգստի գոտի: Այսօր Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ ընթանում են Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջնամասի զբոսայգու համալիր բարեկարգման աշխատանքները, որոնք շուտով կավարտվեն ու բարեկարգված և նոր լուծումներով հերթական տարածքը կհանձնենք մեր բնակիչների տնօրինմանը»: Երևանի դինամիկ զարգացումն ապահովող ծրագրերից է նաև ճանապարհաշինությունը, որի նպատակը՝ ավտոտրանսպորտային հոսքերից մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափումն է: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանում սկիզբ առած ճանապարհաշինական խոշորածավալ ծրագրերը շարունակվելու են նաև առաջիկա տարիներին: «Այս ուղղությամբ անցած 4 տարիների ընթացքում մեր կողմից իրականացվեցին ճանապարհաշինական խոշոր ծրագրեր, որոնց թվում էին Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող նոր ճանապարհի կառուցումը, Երևանի շրջանցիկ ճանապարհի մասը կազմող Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոց - Արտաշատի խճուղի ճանապարհահատվածի կառուցումն ու մի շարք այլ ծրագրեր: Դրանք, իհարկե, որոշակիորեն նպաստեցին կենտրոնի բեռնաթափմանը, սակայն դեռ չի կարելի ասել, որ շոշափելի արդյունք ունենք: Դրա համար առաջիկա 5 տարիներին նախատեսել ենք շարունակել այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերի իրականացումն ու նոր ծրագրերի կյանքի կոչումը: Օրեր առաջ տվեցինք շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն - Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը», - նշել է Երևանի գործող քաղաքապետն ու հավելել, որ Կենտրոնի բեռնաթափման ծրագրի շրջանակում կիրականացվի նաև տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցների վերակառուցում, ինչը կապահովի անընդհատ երթևեկություն և կապահովի տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը։ Բացի այդ, ավտոկայանատեղերի հետ կապված խնդիրներն էլ լուծելու համար, նախատեսվում է համայնք-մասնավոր համագործակցությամբ Երևանի կենտրոնում կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր: «Այս տարիների ընթացքում դուք շատ առիթներ ունեցաք համոզվելու, որ մե՛ր թիմը դժվարություններից չի՛ խուսափում և լուծում է թե՛ առօրյա խնդիրները, և թե՛ նախաձեռնում ու հետևողականորեն լուծումներ է տալիս տասնամյակների կուտակված խնդիրներին: Ու դրա համար, սիրելի երևանցիներ, մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տվեք փորձառու՛ և բանիմա՛ց թիմին, նրանց, ովքեր լա՛վ գիտեն ձեզ հուզող խնդիրներն ու մի՛շտ են ձեր կողքին: Մենք միասին, հաստա՛տ, կյանքի կկոչենք մեր սիրելի քաղաքի զարգացման այս ծրագիրը ևս, քանի որ ձե՛ր վստահության քվեն, համոզվա՛ծ եմ, լինելու է Հանու՛ն մեր ապագայի, հանու՛ն մեր երեխաների և հանու՛ն Երևանի»:

Նմանատիպ նյութեր