Մեր համաքաղաքացիների համար վարկային տույժ-տուգանքների կիրառման մեխանիզմը վաղաժամ է. վարչապետ
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարկային կազմակերպությունների պարտավորությունների կատարման վերաբերյալ քաղաքացիներից ստացված դիմումներին:
«Մենք դիմումներ ենք ստանում, համաձայն որոնց՝ վարկային կազմակերպությունները համապատասխան վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառում են տույժեր կամ տուգանքներ: Նման մեխանիզմը, չնայած իր առավելություններն ունի, սակայն դեռ մեր համաքաղաքացիների, նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար վաղաժամ է: Այստեղ մենք բան ունենք անելու, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկատուներին»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հարցրեց, թե ի՞նչ անելիք ունի այդտեղ կառավարությունը:
«Դա միջազգային պրակտիկա է: Նախորդ տարի մենք օրենսդրական փոփոխություն ենք արել և նոր օրենք ենք տարել Ազգային ժողով, երկու ընթերցում անցել է, բայց քանի որ վերջին նիստերը չկայացան, քվեարկություն չի եղել: Համաձայն այդ նախագծերի՝ սահմանափակվում է հիփոթեքի դեպքում տույժ ու տուգանքներ դնելը, վարկերի մասով այդ հարցը լուծված է»,- ասաց ԿԲ նախագահը:
Վարչապետը ԿԲ նախագահին հանձնարարեց հստակեցնել այս հարցում անելիքները, որպեսզի հարցն արագ կարգավորվի: