211652_close_icon
views-count8705 դիտում article-date 13:13 17-05-2018

Վարչապետը հանձնարարեց մեխանիզմներ մշակել՝ գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատելու համար

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ կան կարկտահարության հետևանքով վնասների չափերի մասին: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջին կարկտահարությունը եղել է մայիսի ութին, տուժել են Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզի համայնքները, ընդհանուր վնասված տարածքը կազմել է մոտ 350 հեկտար, և վնասի չափը քսանից ութսուն տոկոս է կազմել, որոշ տեղերում՝ 50-90 տոկոս: Նախարարը հայտնեց նաև, որ 2015 թվականին կարկտահարությունից վնասների չափը կազմել է մոտ ութ միլիարդ, 2016 թվականին՝ 33,2 միլիարդ դրամ, անցած տարի՝ 12,2 միլիարդ դրամ: «Կարծում եմ՝ եթե մենք վնասի կանխարգելման քաղաքականություն իրականացնենք, այս խնդրի առաջ չենք կանգնի»,- ասաց նա: Վարչապետը տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկի հետ քննարկում է ունեցել, և խնդրել առաջիկայում մեխանիզմներ մշակել, որ գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատեն, և որոշակի վարկային պատմության համաներման հարցը քննարկեն, որ մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենան: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նաև մտածել, հակակարկտային ցանցերի արտադրությունը ժամ առաջ սկսելու և նպատակային ֆինանսավորման մեխանիզմներ կիրառելու մասին, կարևորելով որակի ստուգումը: «Իսկապես պետք է շատ ինտենսիվ քաղաքականություն վարել, որ հակակարկտային ցանցերը լայնորեն կիրառվեն»,- ընդգծեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր