211652_close_icon
views-count5505 դիտում article-date 20:58 21-04-2017

ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել միջազգային սեմինար-քննարկում

Ապրիլի 21-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել «Միջազգային գործերի իրավական պաշտպանությունը. Օտարերկրյա գործարարները Հայաստանի Հանրապետությունում և հայ գործարարները արտերկրում» թեմայով միջազգային սեմինար-քննարկում։ Ողջունելով ներկաներին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն արձանագրել է, որ 2015թ. մայիս ամսին Փարիզի փաստաբանների միության նախագահի նախաձեռնությամբ ստեղծված Փարիզ-Հայաստան կոմիտեն այս կարճ ժամանակահատվածում արդեն թվով երրորդ միջազգային քննարկում-սեմինարն է նախաձեռնում: Նա ընդգծել է գործարար միջավայրում փաստաբանության նկատմամբ բարձր վստահության կարևորությունը: Նրա խոսքով՝ ինչպես յուրաքանչյուր զարգացող կամ զարգացած պետության, այդ թվում Հայաստանի Հանրապետության համար տնտեսության շարունակական զարգացում ապահովելու գլխավոր նախապայմաններից մեկը գործարարության իրավական պաշտպանությանն անհրաժեշտ մեխանիզմների ներդրումն ու կիրառումն է։ Այս համատեքստում զարգացած փաստաբանական ինստիտուտ և առողջ փաստաբանական համայնք ունենալն անհրաժեշտություն է: Նա անդրադարձել է Համաշխարհային բանկի կողմից հրապարակած գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող Doing գործարարության 2016 թվականի զեկույցի շրջանակներում՝ 189 երկրների շարքում Հայաստանի զբաղեցրած 35-րդ հորիզոնականին, նշելով, որ այս ցուցիչը ևս գրավիչ մթնոլորտ է Հայաստանի Հանրապետությունում գործարարությամբ զբաղվելու համար: «Կարևոր է, որ փաստաբանը կարողանա նախականխիչ պայման ստեղծել ներդրողի համար։ Հարկային մարմինների հետ առնչության ժամանակ ևս փաստաբանը կարևոր նշանակություն ունի»,-հավելել է Պալատի նախագահը։ Արա Զոհրաբյանն անդրադարձել է նաև ներդրողների համար կարևոր հարկային և մաքսային մարմինների հետ հարաբերակցության ընթացքում փաստաբանի, որպես կարևոր գործընկերոջ դերին: Նա նշել է, որ փաստաբանությանն առնչվող օրենսդրությունը հնարավորություն է տալիս փաստաբանին կանգնել և մինչև վերջ մնալ գործարարի կողքին՝ կարևորելով փաստաբանական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումները և գործուն մեխանիզմները, այդ թվում փաստաբանի, նրա գրասենյակի, բնակարանի խուզարկության արգելքը և այլն: Խոսելով կարևոր մեխանիզմներից՝ Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ նախորդ տարի ՀՀ փաստաբանների պալատը հուշագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ: Նա տեղեկացրել է համատեղ հանձնախմբի մասին, որը կոչված է փաստաբանների իրավունքները պաշտպանել փաստաբան-վստահորդ-ՊԵԿ-ի աշխատակից հարաբերություններում, ինչը նույնպես կարևոր գործիք կարող է լինել գործարարների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար: Փարիզի փաստաբանների պալատի անդամ Սևակ Թորոսյանի խոսքով՝ քրեականության գործընթաց կա աշխարհում հետևյալ ուղղություններով՝ փողերի լվացում, կոռուպցիա, հարկերից խուսափում: «Հայաստանի համար ամենագլխավոր խնդիրը Հայաստանից փողերի դուրսբերումն է։ Այսօր աշխարհում համաշխարհային բիզնեսի 9 տոկոսի չափով կոռուպցիա կա։ Կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար, և այս երեք հանցագործությունների մեջ ամենակարևորն է։ Փողերի լվացումը ևս խնդիր է»։ Նա անդրադարձել է նաև ներդրումների գրավչության իրավական բևեռներին՝ ներկայացնելով փոքր և մեծ շուկաներ ունեցող երկրների առավելություններն ու ռիսկերը: «Մենեջմենթ Միքս» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը նշել է, որ Եվրոպայի հետ համեմատած՝ Հայաստանի հարկային դաշտը բավական գրավիչ է։ Նա նշել է, որ իրավական դաշտում բարելավումներ են անհրաժեշտ, դատարանները պետք է սկսեն ավելի պրոֆեսիոնալ աշխատել։ Նա համոզմունք է հայտնել, որ առավել գրավիչ պայմաններում միջազգային ներդրողներն իրենց ինքնավստահ կզգան, ավելի լավ կաշխատեն։ Նա անդրադարձել է նաև գործող օրենքների կատարելագործման անհրաժեշտությանը: «Կոնցեռն դիալոգ» ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն անդրադարձել է Հայստանում ներդրումների օրենսդրության դատական և արտադատական կարգավորումներին: Նա ներկայացրել է ոլորտի խնդիրները, շուկայի առանձնահատկությունները և զարգացման ներկա միտումները: Նա նշել է, որ անկախացումից ի վեր Հայաստանում ստորագրվել է ներդրումային 42 պայմանագիր, ինչը վատ ցուցիչ չէ: Քննարկմանը ելույթ են ունեցել նաև «ԷյԴիԱր Փարթներս» ՍՊԸ արբիտր Աիդա Ավանեսյանը, Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, ներկայացուցիչներ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից և ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունից: Վերջում բանախոսները պատասխանել են միջոցառման մասնակիցների հարցերին: [b]ՀՀ ՓՊ մամուլի կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր