211652_close_icon
views-count1682 դիտում article-date 16:48 18-02-2015

Փաստաբանների պալատում անցկացվել է փաստաբանական գրասենյակների ղեկավարների քննարկում-սեմինար

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փետրվարի 17-ին կազմակերպել էր Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական գրասենյակների ղեկավարների հետ քննարկում-սեմինար: Ողջունելով գրասենյակների ղեկավարներին և կարևորելով փաստաբանական գրասենյակների և ՀՀ փաստաբանների պալատի միջև սերտ կապերի հաստատման անհրաժեշտությունը, Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ նման հանդիպումները կլինեն շարունակական և ուղղված կլինեն Հայաստանում փաստաբանական ինստիտուտի և փաստաբանական համայնքի զարգացմանը: Հանդիպմանը մասնակցել են շուրջ 50 փաստաբաններ (20-ից ավելի փաստաբանական գրասենյակների ղեկավարներ/ներկայացուցիչներ): Հանդիպման շրջանակներում ելույթներով հանդես են եկել փաստաբանական գրասենյակների ղեկավարներ (ներկայացուցիչներ) Արթուր Դավթյանը, Կարեն Զադոյանը, Սեյրան Գրիգորյանը, Ցոլակ Գրիգորյանը, Թաթուլ Խուդատյանը, Գարիկ Գալիկյանը, Տարոն Սիմոնյանը, Լևոն Բաղդասարյանը, Մանվել Վարդանյանը, Սեդրակ Ասատրյանը, Կարեն Մեժլումյանը, Կարեն Աղաջանյանը, Արմեն Մկրտչյանը, Արսեն Հարությունյանը, Ալեքսանդեր Սահակյանը և Սայադ Բադալյանը։ Փաստաբանական գրասենյակների զարգացման առումով փաստաբանների պալատի և քննարկման մասնակիցների կողմից մասնավորապես հետևյալ հարցերն են առաջ քաշվել՝ 1. Պալատի կայքում փաստաբանական գրասենյակների ցանցի ստեղծում. 2. Պալատի կայքում «փաստաբանների օգտակար փաթեթներ» հավելվածի ստեղծում, որտեղ կներառվեն Բժշկական ապահովագրության, վարկավորման և այլ հետաքրքիր առաջարկությունները և զեղչերը փաստաբանների համար. 3. անհրաժեշտ աշխատատեղերի բազայի ստեղծում՝ Պալատի կայքում՝ միայն փաստաբանների տեսանելիության համար. 4. իրավախախտ դատավորների բազայի ստեղծում- ընթերակաների մոդելով՝ Պալատի կայքում՝ միայն փաստաբանների տեսանելիության համար. 5. Պալատում գիտա-վերլուծական մեկ կամ երկու փորձագետների ներգրավվում- օրենսդրական փաթեթների կամ տեսական հարցերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրում (ֆինանսավորման հարցը լրացուցիչ ճշտման կարիք ունի). 6. փաստաբանական գրասենյակների կառավարման համակարգչային ծրագրի պատվիրում (ֆինանսավորման հարցը լրացուցիչ ճշտման կարիք ունի). 7. Փաստաբանական գրասենյակների կառավարման վերապատրաստման դասընթացների ակտիվ ներդրում. 8. փաստաբանական գրասենյակների մասնագիտական ապահովագրության փաթեթների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում։ Քննարկման ընթացքում փաստաբանները ներկայացրեցին իրենց գրասենյակների կառավարման ընթացքում առավել հաճախ հանդիպող խնդիրները: Փաստաբան Կարեն Զադոյանն առաջարկեց փաստաբանների վերապատրաստումները կազմակերպելիս հաշվի առնել փաստաբանական գրասենյակների պահանջարկները՝ քննարկելով նաև փաստաբանական գործունեությունը որպես բիզնես դիտակելու կամ մերժելու հարցը: Կարեն Զադոյանն առաջ քաշեց նաև իրավաբանական սխալի ապահովագրության խնդիրը: «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Սեդրակ Ասատրյանը բարձրաձայնեց անպարտաճանաչ դատավորների մասին փաստաբան գործընեկերներին իրազեկելու խնդիրը: «Կարախանյան և գործընկերներ» ընկերության ներկայացուցիչ Թաթուլ Խուդատյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի ունկնդիրների պրակտիկայի կազմակերպման խնդիրը, որի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Սիմոն Բաբայանը՝ նկատելով, որ պրակտիկան հրաշալի հարթակ է ապագա փաստաբանների և փաստաբանական գրասենյակների համագործակցության համար: Քննարկման ընթացքում Փաստաբան Սայադ Բադալյանը ներկայացրեց «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի՝ փաստաբանության ինստիտուտին վերաբերող խնդրահարույց հարցերը: Բարձրաձայնվեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից փաստաբանական գրասենյակներից ֆինանսական հաշվետվություններ պահանջելու խնդիրը, որի վերաբերյալ հանդիպման մասնակիցները որոշեցին կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ և հետագայում քննարկել ձեռնարկվող քայլերը։

Նմանատիպ նյութեր