Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը Իմերեթի երկրամասում ներկայացրել է ՀՀ ներդրումային նպաստավոր պայմանները
Ապրիլի 19-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն այցելեց Իմերեթի երկրամաս, որի վարչական կենտրոն Քութայիսի քաղաքում հանդիպում ունեցավ Իմերեթիի նահանգապետ Գիվի Ճիճինաձեի և Քութայիսիի քաղաքապետ Շոթա Մուրդուլիայի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Ճիճինաձեն, Ռուսլան Պողոսյանը, Գիորգի Կոպաձեն և «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր Վան Բայբուրդը:
Զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական համագործակցության շրջանակներում Իմերեթի երկրամասի և Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները:
Կողմերն ընդգծեցին ապակենտրոնացված համագործակցության խորացման և այդ ուղղությամբ նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համայնքային մակարդակներով:
ՀՀ գլխավոր հյուպատոսն իր զրուցակիցներին տեղեկություններ հաղորդեց Հայաստանում տնտեսական միջավայրի և ստեղծված ներդրումային նպաստավոր պայմանների մասին՝ նրանց փոխանցելով նաև անհրաժեշտ տեղեկատվական փաթեթ:
Կողմերը հաստատեցին քննարկված հարցերի կենսագործման համար հետևողական և նպատակաուղղված քայլերի իրականացման իրենց մտադրությունը:
Հանդիպման մասնակիցները նույն օրը Քութայիսիի Լ.Մեսխիշվիլիի անվան պետական թատրոնում ներկա գտնվեցին Նոդար Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» թատերախաղի ներկայացմանը՝ բեմադրված Քութայիսիում հյուրախաղերով գտնվող Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կողմից։