211652_close_icon
views-count4506 դիտում article-date 16:27 19-04-2017

Իրանցի գործարարներն առաջարկել են Հայաստանում հիմնել տոմատի մածուկի արտադրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ջերմոցաշինությամբ և տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող իրանական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների: Համառոտ ներկայացնելով իրենց գործունեությունը`հյուրերը նշել են, որ մեծապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում հայկական կողմի հետ տարբեր ուղղություններով համագործակցություն ծավալելու հարցում: Մասնավորապես իրանցի գործարարները ցանկություն են հայտնել Հայաստանում հիմնել լոլիկի վերամշակման գործարան` արտադրանքը Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանելու նպատակով: Գործարարները հավելել են, որ այս հարցում ակնկալում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը: Նրանք նաև նշել են, որ նախատեսում են հայ ֆերմերների հետ պայմանագրեր կնքել լոլիկի արտադրության կազմակերպման համար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել իրանական կողմին Հայաստանում լոլիկի մշակություն և մածուկի արտադրություն կազմակերպելու հարցում: Տեղական սորտերի սերմերի վերաբերյալ առավել հանգամանալից տեղեկատվության ստանալու համար նախարարն առաջարկել է հյուրերին սերտորեն համագործակցել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳՆ ենթակայության ներքո գործող մյուս գիտական կենտրոնների հետ: Գործարարների հետ փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ներկայացնել բիզնես-ծրագիր, որում կներառվեն բոլոր առաջարկները և միջոցառումները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ջերմոցային կոնստրուկցիաների արտադրության և ներդրման, համատեղ ջանքերով գյուղատնտեսական այլ մթերքների արտադրության կազմակերպման հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր