ՀՀ մշակույթի նախարարը «Մշակութային կանգառի» 100-րդ միջոցառման առիթով ողջունել է բոլոր մասնակիցներին
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որն այս պահին աշխատանքային գործուղմամբ Լոս Անջելեսում է, 100-րդ միջոցառման առիթով ողջունել է «Մշակութային կանգառի» բոլոր մասնակիցներին ու հանդիսատեսներին՝ խոստանալով, որ սրանք մարզերում մշակույթային «հաղթարշավի» դեռ միայն առաջին ծիծեռնակներն են.
«Այս կանգառներով մենք շատ բարեբեր հունդեր ենք սերմանում։ Մշակութային կյանքն արթնացնելու հզոր ազդակ է մեր այս նախաձեռնությունը»,- վստահեցնում է նախարարը։
Հայաստանի մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի՝ այս տարվա ընթացքում նախատեսված ավելի քան 426-ից 100-րդ միջոցառումը կկայանա ապրիլի 14-ին, երբ Վանաձորի Աբելյան թատրոնի բեմ կբարձրանա Գյումրու Աճեմյան թատրոնը՝ Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» ներկայացմամբ:
Իսկ դրանից առաջ՝ ապրիլի 14-ին, ժամը 11։30-ին, նախարարության գրադարանում (5-րդ հարկ) ծրագրի համակարգող Գարիկ Նազարյանը և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը ճեպազրույցում կպատմեն տեղի ունեցած հյուրախաղերի մասին և կցուցադրեն ամենահետաքրքիր լուսանկարները: