Արգենտինայի հավաքականի մարզիչը պաշտոնանկ արվեց
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան հայտարարել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան պաշտոնանկ է արվել:
«Մենք Բաուսայի հետ համաձայնության ենք եկել, որ նա դադարեցնում է իր աշխատանքը հավաքականում», ասել է Տապիան:
Բաուսան Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2016թ. օգոստոսին: 2018թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլի 14 տուրից հետո թիմը զբաղեցնում է 5-րդ տեղը, որն իրավունք է տալիս անցումային հանդիպումներ խաղալ Օկեանիայի ներկայացուցչի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սևիլյայի» ներկայիս գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին սկզբունքային համաձայնություն էր տվել գլխավորել Արգենտինայի հավաքականը: