211652_close_icon
views-count3987 դիտում article-date 14:59 04-04-2017

ԼՂՀ վարչապետը բարձր է գնահատել «Հալո Թրասթ»-ի ականազերծման գործունեությունն Արցախում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 4-ին մասնակցել է ականազերծման միջազգային օրվա կապակցությամբ «Հալո Թրասթ» կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը: «Հալո Թրասթ»-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և ականազերծման միջազգային փորձն ու նշանակությունը: Նա կարևորել է Արցախի իշխանությունների աջակցությունը հանրապետությունում ականազերծման աշխատանքների արդյունավետության ապահովման գործում: Իր պնդմամբ՝ բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը: Վարչապետը ողջունել է ներկաներին և իր խոսքում, մասնավորապես, նշել. ««Հալո Թրասթ» կազմակերպությունն այնպիսի կարևոր աշխատանք է կատարում, որը երբեմն տեսանելի չէ, բայց մեծ նշանակություն ունի դժբախտ միջադեպերի կանխարգելման գործում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպության աշխատակիցներին և բոլոր աջակիցներին, ովքեր մշտապես կանգնել են «Հալո Թրասթ»-ի և Արցախի կողքին: Մենք բարձր ենք գնահատում ձեր կատարած աշխատանքը և միշտ պատրաստ ենք հնարավորինս աջակցելու կազմակերպության մարդասիրական գործունեությանը»:

Նմանատիպ նյութեր